11:14 | 23.01.17 | Հոդվածներ | exclusive 30253

    Հայկական նոր խաղը կօգնի ճանաչել տիեզերքը

    Գործարկվել է հայկական արտադրության Dhole մոբայլ խաղը, որը հնարավորություն է տալիս խաղի միջոցով սովորել համաստեղությունների անունները:

    Խաղն անվճար է եւ հասանելի AppStore-ում:

    Խաղը մշակվել է երկու ընկերների՝ Լեւոն Առաքելյանի (խաղի ծրագրավորում) եւ Արմեն Մխիթարյանի (դիզայն) կողմից:

    photo © Անձնական արխիվից


    Itel.am-ի հետ զրույցում Լեւոն Առաքելյանը նշել է, որ տիեզերքն ու աստղերն այն թեմաներն են, որ հետաքրքրում են բոլորին՝ երեխաներից մինչեւ տարեցներ:

    «Խաղալիս հարկավոր է էկրանի մեջտեղում գտնվող «սեւ խոռոչն» օգտագործել աստղերը հավաքելու համար եւ գուշակել ճիշտ համաստեղությունը: Սկզբնական փուլերում կա ճիշտ պատասխանելու 8 հնարավորություն, ապա մակարդակների բարդացմանը զուգահեռ նվազում է հնարավորությունների թիվը: Dhole-ն ուսուցողական խաղ է: Անընդհատ խաղալով՝ սովորում ես համաստեղությունները եւ գիշերները նայելով երկնքին՝ կարող ես փորձել տարբերել համաստեղությունները: Ինչո՞ւ Dhole, անգլերենով The Hole «սեւ խոռոչ» է նշանակում, որին փորձել ենք հայկական հնչերանգ տալ»,- նշել է Լեւոն Առաքելյանը:

    Առաջիկայում կգործարկվի նաեւ խաղի Android տարբերակը:

    Նարինե Դանեղյան