16:12 | 27.02.17 | Նորություններ | 32354

    «Վիմպելկոմ» հոլդինգը կվերանվանվի VEON

    «Վիմպելկոմ» հոլդինգը կվերանվանվի VEON` պայմանավորված ինտերնետային համանուն հարթակի գործարկմամբ:

    Ընկերությունում հայտնել են, որ մարտի 30-ին տնօրենների խորհրդի նիստ կհրավիրվի՝ որոշումը հաստատելու համար:

    «Վիմպելկոմ»-ում նշել են, որ VEON-ը միավորում է դատա-վերլուծությունները եւ արհեստական բանականությունը: Միաժամանակ, հարթակը թույլ է տալիս օգտատերերին մնալ կապի մեջ անգամ այն դեպքում, երբ սակագնային պլանով նախատեսված դատա-փաթեթը սպառվել է:

    Ինտերնետ հարթակն առաջինը գործարկվել է Իտալիայում:

    «Ռեբրենդինգն արտացոլում է մեր նկրտումները՝ վերափոխելու ընկերությունը հեռահաղորդակցությունից դեպի գլոբալ տեխնոլոգիական լիդերի», - նշել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլին:

    Նրա խոսքով՝ ինտերնետային հարթակի գործարկումը օգտատերերին հնարավորություն կտա, մասնավորապես, օգտվել հաղորդագրությունների անվճար համակարգից, երաժշտական եւ բանկային նոր ծառայություններից:

    Ժան Իվ Շարլին հավելել է, որ այսօր «Վիմպելկոմ»-ը հայտարարել է STUDIO+ վիդեոծառայության, Deezer երաժշտական հավելվածի եւ Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համագործակցության մասին: Այդ ծառայությունները կինտեգրվեն ինտերնետային հարթակին:  

    Նոր հարթակը կներկայացվի Բարսելոնայում այսօր մեկնարկած Mobile World Congress-ի շրջանակում: