17:28 | 25.01.17 | Նորություններ | 28357

Դեբու Պուրկայասթան ցանկանում է ներդրում կատարել հայկական ստարտափներում

ՏՀՏ ոլորտում մասնագիտացած գործարար Դեբու Պուրկայասթան այսօր ասել է, որ կցանկանար ներդրում կատարել հայկական ստարտափներում:

Այս մասին Լոնդոնից Երեւան ժամանած գործարարն ասել է Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի շրջանակում:

Դեբու Պուրկայասթան, որը վարել է Google-ի միաձուլման եւ ձեռքբերումների ծրագիրը, նշել է, որ ներդրում կատարելիս տեխնոլոգիական թրենդներն իրեն չեն հետաքրքրում:

«Կցանկանայի ներդրում կատարել հայկական ստարտափներում: Ներդրում կատարելիս նայում եմ թիմին, մարդկանց որակին եւ թե որքանով են նրանք ամբիցիոզ: Սա ամենակարեւորն է ինձ համար: Այնուհետ նոր միայն գալիս է գաղափարի գործոնը, որքանով է թիմն ունակ ընդլայնվելու: Ահա թե ինչպիսի ստարտափներ եմ ես փնտրում»,- նշել է Դեբու Պուրկայասթան:

Գործարարը հույս է հայտնել նաեւ, որ առաջիկա 5-10 տարում Հայաստանում կստեղծվի եւ արտաքին շուկա դուրս կգա միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն:

«Հայաստանն արագ աճող շուկա է: Ստարտափների եւ ձեռներեցների որակը Հայաստանում հիանալի է: Բացի որակյալ մասնագետներից` Հայաստանն ունի զարգացած տեխնիկական կրթական համակարգ, հատկապես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառում: Եվ սա լավ հիմք է տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու համար»,- ասել է գործարարը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում իր հաջորդ հանդիպմանը ներկա լինի «այդ միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունը»:  

Գործարարը եվրոպական եւ գլոբալ շուկայի տեխնոլոգիական թրենդների շարքում առանձնացրել է արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ռոբոտիկան, էլեկտրոնային առողջապահությունը, իրերի ներցանցը (Internet of Things):