12:55 | 25.01.17 | Նորություններ | 18749

Երեւանում մեկնարկել է Eurasia Mobile Challenge-ի կիսաեզրափակիչը

Երեւանում այսօր մեկնարկել է Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 8 երկրից 24 հաղթող թիմ:

Թիմերը ներկայացնում են իրենց թվային գաղափարները 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որի կազմում համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային եւ տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ են, «ՎիմպելԿոմ»-ի բարձրաստիճան ղեկավարներ:

«ՎիմպելԿոմ գրուպ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշել է, որ մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:

«Երիտասարդ ձեռներեցների համար նման մրցույթին մասնակցությունն արժեքավոր է երկու պատճառով: Առաջին հերթին՝ սա հնարավորություն է ներկայացնել սեփական գաղափարները եւ դրանց գնահատական ստանալ, եւ երկրորդ՝ հնարավորություն է կապեր հաստատել, հաղորդակցվել ոլորտի առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: «ՎիմպելԿոմ»-ն ուրախ է աջակցել այս միջոցառմանը: Ուրախ ենք նաեւ, որ տարածաշրջանային կիսաեզրափակիչն անցկացվում է Երեւանում: Ընտրվել է Հայաստանը, որտեղ շատ են երիտասարդ, ակտիվ ձեռներեցները, երկիր, որը մեծ միջազգային կապեր ունի»,- ասել է Միխայիլ Գերչուկը:

«Մեծ պատիվ է, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում: Դա նշանակում է, որ այն, ինչ անում ենք մենք Հայաստանում, դուր է գալիս մեր ղեկավարությանը եւ մյուս երկրներին: Նրանց հաճելի է ժամանել Հայաստան եւ մասնացել այս միջոցառմանը: Ես հավատում եմ, որ մասնակից հայկական թիմերը այսօր կանեն ամեն ինչ՝ նվաճելու դեպի Բարսելոնա ուղեգիր»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ հայաստանյան հաղթող թիմերն են` Earlyone, Terreva եւ Certifire: