Կարեն Վարդանյանը
14:49 | 18.01.17 | Նորություններ | 4500
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր ասել է, որ մինչեւ 2025թ. Հայաստանում պետք է ստեղծել առնվազն 70-80 հազ. ինժեներական աշխատատեղ:
Այս մասին նա նշել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով օրերս կառավարությունում քննարկված նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ մինչեւ 2025թ. ակնկալվում է երկրում ստեղծել 40 հազ. ինժեներական աշխատատեղ:
«Ռազմավարությունը պետք է ուղղված լինի առնվազն մինչեւ 70-80 հազ. աշխատատեղի ստեղծմանը: Սա պետք է լինի նշաձող, որը հնարավոր կդառնա ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերի կյանքի կոչման դեպքում»,- ասել է Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ նախագահն ընդգծել է, որ իրենք հրավիրված չեն եղել կառավարությունում ներկայացված ռազմավարության քննարկմանը, եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում «այդ հարցը կշտկվի»:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ ներկայում աշխարհում ՏՏ ոլորտի ավելի քան 2 մլն թափուր աշխատատեղ կա:
«Այդ թիվը 2020-2021 թթ. դառնալու է 5 մլն: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են ի հայտ գալու: Այսօր աշխարհում կռիվ է գնում այդ միլիոնավոր աշխատատեղերի համար, եւ մենք պետք է հնարավորինս արագ դրանց նվաճմամբ զբաղվենք, այլ ոչ թե սպասենք, որ ուրիշներն առաջ անցնեն»,- տեսակետ է հայտնել ԻՏՁՄ գործադիր տնօրենը: