10:32 | 18.01.17 | Նորություններ | 12610

2016-ին աշխարհում ներբեռնվել է 90 մլրդ հավելված

2016թ. ամբողջ աշխարհում ներբեռնվել է 90 մլրդ հավելված, ինչը 15%-ով գերազանցում է 2015թ. ցուցանիշը: Թե Google Play-ում, թե AppStore-ում ցուցանիշն ավելացել է 13 մլրդ-ով:

Այս մասին են վկայում App Annie վերլուծական ընկերության զեկույցի տվյալները:

App Store-ում եւ Google Play-ում մոբայլ հավելվածների հրատարակիչների եկամուտները 2016թ. աճել են 40%-ով՝ կազմելով $35 մլրդ:

2016թ. աճել է ինչպես ներբեռնումների թիվը, այնպես էլ այն ժամանակը, որը օգտատերերը սպառում են հավելվածների օգտագործման վրա:

Google Play-ը շարունակում է առաջատար մնալ ներբեռնումների ցուցանիշով, սակայն App Store-ում եւս նկատելի է դինամիկ աճ:   

2016թ. հավելվածներում օգտատերերի անցկացրած ժամանակն աճել է 25%-ով՝ կազմելով 900 մլրդ ժամ: Ցուցանիշը վերաբերում է միայն Android սմարթֆոններին, ընդ որում՝ Չինաստանի ցուցանիշները ներառված չեն: Միջին վիճակագրական Android օգտագործողն անցած տարի օրական 2 ժամ է անցկացրել հավելվածներում:

Հրատարակիչների համար ամենաեկամտաբերը շարունակում են մնալ խաղերը: 2016թ. App Store-ում ընդհանուր եկամուտների 75%-ը, իսկ Google Play-ի եկամտի շուրջ 90%-ը գոյացել է խաղերից:

2016թ. ամենաեկամտաբեր խաղերն են Mixi-ի Monster Strike-ը, Supercell-ի Clash of Clans-ը եւ Niantic-ի Pokemon Go-ն (վերջինս կես տարում վաստակել է $950 մլն):

App Store-ի եւ Google Play-ի ամենաեկամտաբեր հավելվածների թոփ 5-ում են Spotify-ը, Line-ը, Netflix-ը, Tinder-ը եւ HBO NOW-ն:

iOS հարթակում 2016թ. ներբեռնումների գծով առաջատարը Չինաստանն է, իսկ Android հարթակում՝ Հնդկաստանը:

Հավելվածներից ստացված եկամուտների վարկածով App Store-ում առաջատարը կրկին Չինաստանն է, իսկ Google Play-ում՝ Ճապոնիան:

2016թ. (iOS եւ Android հարթակներից ներբեռնված) թոփ հավելվածների հնգյակում են Facebook-ը, WhatsApp Messenger-ը, Facebook Messenger-ը, Instagram-ը եւ Snapchat-ը:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: