16:25 | 02.12.16 | Նորություններ | 3584

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը կանցկացվի նաեւ Գյումրիում

Դեկտեմբերի 7-ին Գյումրիում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ ՀայաստանըՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի եւ Sololearn ընկերության հետ համատեղ կանցկացնի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով եւ ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ եւ առհասարակ սովորել ծրագրավորում։ Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ:

Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Հարկավոր է գրանցվել այստեղ:

«Գյումրիում տեխնոլոգիական ոլորտը ծաղկում է ապրում եւ օրեցօր ավելի շատ պատանիներ ու երիտասարդներ են իրենց կյանքը կապում ՏՏ ոլորտի հետ: Նմանատիպ զարգացումը մեր քաղաքում մեծամասամբ պայմանավորված է իհարկե Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությամբ, եւ շատ ուրախ ենք, որ կենտրոնն այս տարի նմանատիպ տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչների շարքում է», - նշել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն արդեն 14 տարի է, ինչ իրականացնում է ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր ու միջոցառումներ: Այս անգամ մեր եւ մեր ռազմավարական գործընկերների կողմից ստեղծված տեխնոլոգիական եւ ինովացիոն կենտրոնների հետ համատեղ Գյումրիում կիրականացնենք «Ծրագրավորման ժամ» միջոցառումը: Այն հնարավորություն կընձեռի երիտասարդներին ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտին, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ, հուսով ենք նաեւ, որ այս միջոցառումից հետո նրանք կտեսնեն իրենց ապագան տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարեւոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաեւ ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- իր հերթին նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը կանցկացվի ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում եւ Վանաձորում։ 2015թ. միջոցառմանը մասնակցել է 5-18 տարեկան 250-ից ավելի դպրոցական՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #hourofcodegyumri: