14:07 | 02.12.16 | Նորություններ | exclusive 8107

Նորություններ՝ gg-ի թարմացված տարբերակում

gg ընկերությունն օրերս թարմացրել է իր Android հավելվածը՝ ներկայացնելով մի շարք նորություններ:

Itel.am-ի հետ զրույցում gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը պատմել է, որ շուկայում իրենք առաջինն են առաջարկում պատվերի դիմաց անկանխիկ վճարման տարբերակ:

«Այս ոլորտում առաջինն ենք Հայաստանում, որ գործարկեցինք մեկանգամյա նույնականացմամբ օնլայն վճարման համակարգը։ Անհրաժեշտ է մեկ անգամ հավելվածին կցել բանկային քարտը, իսկ նույնականացնելուց հետո պետք է պարզապես պատվեր ձեւակերպելիս նշել վճարման տարբերակը (ArCa, Visa, MasterCard)։ Այսինքն, անհրաժեշտ չէ ամեն անգամ պատվեր կատարելիս մուտքագրել քարտային տվյալները եւ հաստատել»,- նշել է gg-ի համահիմնադիրը:

Խաչատուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ անկանխիկ վճարման դեպքում գանձվող 2% միջնորդավճարը բանկային ծառայության փոխանցման միջնորդավճարն է:

«Մեր կողմից սակագնային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նաեւ նշեմ, որ հաճախորդի քարտային ամբողջ ինֆորմացիան բանկի տրամադրության տակ է, պրոցեսինգային մասը եւս կատարում է բանկը։ Մենք չենք տիրապետում քարտի եւ հաճախորդի որեւէ տվյալի՝ դրանք պահպանվում են բանկի կողմից»,- ասել է Խաչատուր Գրիգորյանը:

Մինչեւ դեկտեմբերի վերջ անկանխիկ վճարման հնարավորությունը հասանելի կլինի նաեւ iOS օգտատերերի համար:

gg-ի համահիմնադիրն անդրադարձել է նաեւ թարմացված հավելվածի մյուս նորություններին:

«Ամբողջությամբ փոխվել է հավելվածի դիզայնը. այն դարձել է ավելի դյուրին եւ հարմար օգտատերերի համար։ Մոտակայքում գտնվող մեքենաների՝ պատվիրատուին հասնելու ժամանակն արդեն երեւում է միանգամից առաջին էջում, հետեւաբար՝ այլեւս անհրաժեշտ չէ պատվեր գրանցելու էջ մուտք գործել՝ ժամանակը տեսնելու համար։ Բացի այդ, հավելվածից օգտվելիս օգտատերերը հիմնականում ստիպված չեն լինի հավելյալ թույլտվություններ (permissions) տալ»,- ընդգծել է Խաչատուր  Գրիգորյանը:

Նարինե Դանեղյան