16:37 | 24.11.16 | Նորություններ | 4094
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ Մայքրոսոֆթ կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովն այցելել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (ՄԻԿ):
Նախօրեին կատարած այցի ընթացքում հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել նրա գործունեությանը եւ արդյունքներին։ Քննարկվել է համալիր կրթական ծրագիր մշակելու եւ այն մասսայական դարձնելու հնարավորությունը, ինչը կնպաստի գործազրկության կրճատմանը եւ ՏՏ ընկերություններում աստիճանաբար մեծացող պահանջարկի կառավարմանը։
Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ նախկինում եւս հաջողությամբ համագործակցել են կառավարության հետ՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակվի:
«Սա Մայքրոսոֆթ կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովի առաջին այցն է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նորանշանակ նախարարին: Սա նաեւ Մայքրոսոֆթ Հայաստանի եւ նախարարի առաջին հանդիպումն էր: Նպատակն էր տեղեկացնել այն բոլոր ծրագրերի մասին, որոնք Մայքրոսոֆթն իրականացնում է Հայաստանում՝ կրթություն, կիբերանվտանգություն, ՓՄՁ զարգացում: Հույս ունենք առաջիկայում կառավարության հետ քննարկել այն հնարավորությունները, որոնց շուրջ կարող ենք համագործակցել»,- նշել է Լիանա Կորկոտյանը:
ՄԻԿ տնօրեն Արտաշես Վարդանյանը հյուրերին պատմել է, որ իր չորսամյա գործունեության ընթացքում կենտրոնը վերապատրաստել է ավելի քան 5000 ուսանողի, որոնց 80%-ը ներկայում աշխատում է որպես ծրագրավորող։ Նա ընդգծել է, որ կենտրոնում ներկայում ամսական կտրվածքով կենտրոնում դասընթացներ են անցնում 250-ից ավել մարդ, որոնք հետագայում պրակտիկայի ծրագրերի միջոցով աշխատանքի են անցնում Հայաստանում գործող ՏՏ ընկերություններում:
Շրջայցի ընթացքում հյուրերն ականատես են եղել BetConstruct ընկերության հետ անցկացվող պրակտիկայի ծրագրի թեստավորմանը, ծանոթացել են «Պրաեմիում» ավստրալիական ընկերության հետ անցկացվող պրակտիկայի ծրագրում ներգրավված կրտսեր ծրագրավորողների աշխատանքին, ինչպես նաեւ հանդիպել իրենց առաջին քայլերն անող մի շարք հաջողակ ստարտափերի հետ, որոնք մասնակցել են ՄԻԿ Հայաստանի կողմից իրականացվող աքսելերացիայի ծրագրին: