16:28 | 21.11.16 | Նորություններ | 9206

    Բաց տվյալների հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր

    Դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում կկայանա բաց տվյալների երկօրյա հաքաթոն, որի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները:

    Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

    Հաքաթոնի կազմակերպիչ «Կոլբա Լաբ»-ում նշել են, որ հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել բաց տվյալների մասին աշխատանքային հանդիպումներին, քննարկել վերլուծական առկա մեթոդների, ծանոթանալ տվյալների վիզուալիզացիայի գործիքներին եւ ծանոթանալ ոլորտում աշխատող մասնագետների հետ:

    Միջոցառումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

    «Կոլբա Լաբ»-ում նշել են, որ հաքաթոնի առաջին օրը (դեկտեմբերի 3-ին) կկայանան մի շարք աշխատանքային հանդիպումներ բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ, մասնավորապես ինչպիսի գործիքներ է կարելի մշակել այդ շտեմարանների հիման վրա: Մասնակիցները կծանոթանան բաց տվյալների բազաների հետ աշխատելու համար համապատասխան վերլուծական տեխնոլոգիական մեթոդների, ինչպես նաեւ կքննարկեն աշխատանքի հնարավոր բարդություններն եւ հնարավորությունները:

    Աշխատանքային օրվան կհաջորդի բուն հաքաթոնը, որի ընթացքում մասնակիցները թիմեր կկազմեն՝ համապատասխան առաջադրանքի շուրջ: Մասնակիցները կընտրեն ներկայացված բաց տվյալների շտեմարաններից իրենց առավել հետաքրքիրը, որի շուրջ կաշխատեն՝ մշակելով առաջարկվող լուծման նախատիպը:

    Կիրակի օրվա ավարտին յուրաքանչյուր թիմ կունենա 5-7 րոպե՝ գնահատող հանձնաժողովին ներկայացնելու իրենց մշակած լուծումը: Լավագույն գաղափարները հնարավորություն կստանան անցնել «Կոլբա լաբ»-ի ինկուբացիոն շրջանը:

    Կազմակերպիչներն ակնկալում են, որ հաքաթոնի արդյունքում կմշակվեն երկու տեսակի լուծումներ՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի եւ օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձեւաչափի մշակում, եւ բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական ծրագրեր եւ գործիքներ:
    «Կոլբա լաբ»-ը կհոգա ինտերնետի հասանելիության, ինչպես նաեւ սնունդի, կեցության ծախսերը: Կազմակերպությունը կտրամադրի նաեւ պետական բաց տվյալների շտեմարաններ, ինչպես նաեւ որոշ շտեմարաններ, որոնք հասանելի կլինեն հատուկ հաքաթոնի մասնակիցների համար:

    Հաքաթոնի մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան հանդիպել նույն օրերին Աղվերանում կայանալալիք ՏՏ ոլորտի առաջնորդների ֆորումի մասնակիցներին: