18:16 | 07.11.16 | Նորություններ | 11957

Լուի Պուզենը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

Այսօր «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Լուի Պուզենը Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի՝ իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը ստանալու համար:

«Լուի Պուզենի, ինչպես եւ մեծանուն մյուս մրցանակակիրների այցելությունները Հայաստան, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ նրանց հանդիպում-դասախոսությունների նշանակությունն անգնահատելի է: Այս հանդիպումները չափազանց արժեքավոր են միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու, ոլորտի վերաբերյալ նորարարական գաղափարներ ներկայացնելու տեսանկյունից, ինչպես նաեւ խթանում են մասնագետների ու սկսնակների ստեղծագործական միտքն ու կամքը՝ հասնելու անձնական եւ մասնագիտական որակների կատարելության ու համարձակորեն ձգտելու նոր բարձունքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

«Քչերն էին հավատում, որ նման մրցանակաբաշխություն կարելի է կազմակերպել Հայաստանում եւ որ համաշխարհային ՏՀՏ ոլորտի մեծերը ամեն տարի կժամանեն Հայաստան՝ ստանալու այս մրցանակը։ Անցել է 7 տարի, եւ թերահավատներ այլեւս չկան։ Մրցանակաբաշխությունը հաջողել է, եւ ամեն տարի մենք հնարավորություն ունենք հյուրընկալելու լեգենդար անձանց, որոնք բարձրացնում են մեր երկրի վարկանիշը եւ ճանաչելիությունն ամբողջ աշխարհում»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ 2016 թվականի մրցանակակիր է ճանաչվել Լուի Պուզենը եւ որ նա կարողացել է ժամանել Հայաստան՝ մրցանակը ստանալու։ Լուի Պուզենի գործունեությունը նվիրված էր նոր տեխնոլոգիայի ստեղծմանը եւ կիրառմանը, տեխնոլոգիա, որն օգտագործվել է TCP/IP պրոտոկոլների ձեւավորման մեջ։ Դա այն է, ինչի վրա կառուցվել է ինտերնետը։ Նրան ճանաչում են որպես համացանցի նախահայրերից մեկը: Այսպիսով, մենք շարունակում ենք բարձր պահել ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի բարձր նշաձողը»,- ասել է «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը։

Յոթերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ծրագրի իրականացման համար ընկերությունը մինչ օրս 144.2 միլիոն դրամ է հատկացրել: