15:25 | 04.11.16 | Նորություններ | exclusive 3430

Հայկական ստարտափները գնահատում են StartupIstanbul-ը

2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ մասնակցել են StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին:

Itel.am-ը ֆորումից ստացած տպավորությունների շուրջ զրուցել է Երեւան վերադարձած ստարտափներից մի քանիսի հետ:

ArmNomads (խաղերի ծրագրավորում)

Ընկերության համահիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանի խոսքով՝ Startup Istanbul-ն իրենց տվել է դրական էմոցիաներ եւ նոր կապեր:

«Այն բազմամշակութային հարթակ էր, որտեղ նեթվորքինգի համար բավական լավ միջավայր էր ստեղծված: Իսկ հրեշտակ-ներդրողների հետ շփումն աբստրակտ պատկերացումներից վերածվեց պրակտիկի: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ընկերության հետագա զարգացումը կհանգեցնի նոր ճյուղի հիմնադրմանը, կսկսենք համագործակցել եվրոպական ընկերությունների հետ եւ առանձին նախագծեր կանենք վերջիններիս հետ»,- նշել է Արթուր Կարոյանը:  

Scycryptor (ամպային տվյալների անվտանգություն)

Ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը պատմել է, որ հենց ամենասկզբից նպատակ էր դրված առնվազն անցնել եզրափակիչ:

«Մասնակցությունը գործնական առումով հաջողակ լինելուց բացի, հրաշալի փորձ էր տարբեր առումներով, այդ թվում` էմոցիոնալ: Իսկ դրա համար պահանջվում էր ինքնաթիռից իջնելուց սկսած՝ մի քանի օր շարունակ հանդես գալ հաղթող pitch-երով: Նույնիսկ մի փոքր «սպորտային» հետաքրքրություն կար. ես մեծ դահլիճներում նախկինում 2 անգամ ներկայացրել էի Skycryptor-ը, սակայն նման մասշտաբի դահլիճում, որն առավել եւս Ստամբուլում է, վստահ ելույթ ունենալու համար շուրջ մեկ օր ինքս ինձ տրամադրում էի: Կարծում եմ՝ վատ չստացվեց, ամեն դեպքում՝ անգնահատելի փորձ էր: Բացի այդ, ամեն օր չէ, որ ժյուրիի կազմում Y Combinator-ի եւ Andreesen-Horovitz-ի ներկայացուցիչներն են, իսկ դա նշանակում է, որ այդ վենչուրային ֆոնդերը մի մեծ քայլով ավելի մոտ են ու հասանելի ոչ միայն Skycryptor-ի, այլեւ վստահաբար մյուս բոլոր հայկական ստարտափների համար»,- նշել է Արամ Ջիվանյանը:

Շարունակելով միտքը` Արամ Ջիվանյանը պատմել է ռազմավարական քայլի մասին, որի համար իրենք մեկնել են Ստամբուլ:

«Y Combinator-ում միայն հարցազրույց անցնելու համար պետք է վերջինիս գործընկերներից (partners) մեկի երաշխավորությունը: Կարծում եմ` մեր հայկական ստարտափներից ոչ մեկն այնտեղ բարեկամ կամ ծանոթ չունի: Փորձե՛ք գտնել նման ստարտափ միջոցառում, որտեղ ժյուրիի կազմում նստած է աքսելերատորի գործընկերներից մեկը, անպայման հասե՛ք մինչեւ եզրափակիչ ելույթ, իսկ ելույթից առաջ կամ հետո առիթը բաց մի՛ թողեք վերջինիս հետ գարեջուր ըմպելու: Այսքանից հետո հաստատ կունենաք սեփական ուժերով հաստատված ու այդքան կարեւոր ծանոթությունը»,- բացատրել է Skycryptor-ի հիմնադիրը:

Bookoholics (մոբայլ հավելված գրքասերների համար)

Bookoholics-ի համահիմնադիր Հայկազ Բարսեղյանը նշել է, որ ֆորումին մասնակցությունն իրենց համար հատկապես կարեւոր էր ստարտափի վերաբերյալ արտասահմանցի գործընկերների գնահատականների տեսանկյունից:

FortuneCup (բախտագուշակների հետ իրական կապ հաստատող մոբայլ հավելված)

Ստարտափի ներկայացուցիչ Լեւոն Իբրանյանը նշել է, որ մասնակցությունը կարեւոր էր հասկանալու համար, թե ինչպիսի պրոդուկտներ են թրենդի մեջ:

«Ստամբուլյան միջոցառումը մեզ կօգնի լինել ավելի պրոակտիվ։ Քիչ է ունենալ լավ գաղափար, պետք է նաեւ այն ճիշտ ներկայացնել։ Ստամբուլում դա հստակ երեւաց։ Նույնիսկ թույլ գաղափարները լավ ներկայացվելու դեպքում դրանք կարող են արժանանալ ուշադրության։ Նման հնարքները կօգնեն զարգացնել սեփական պրոդուկտը»,- ասել է նա:  

HY Pictures (ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ)

Ստարտափի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը նշել է, որ առաջին անգամ էին Հայաստանից դուրս արդեն ավարտուն վիճակում ներկայացնում իրենց առաջին երեք գրաֆիկական նովելները:

«Հետաքրքիր էր, որ դա հենց Ստամբուլն էր, քանի որ երկու նովելները հիմնված են արեւմտահայ գրողների ստեղծագործությունների վրա եւ տեղի են ունենում 19-րդ դարի Ստամբուլում: Ընդհանուր հետաքրքրությունը շատ մեծ էր թե՛ այդ գրաֆիկական նովելների հանդեպ եւ թե՛ մեր նոր ստարտափի՝ ՄԵՏԱԼ ԴԵՊՕ ինտերակտիվ կոմիքսների նկատմամբ: Որքան էլ անսպասելի էր, թե՛ կոմիքսի, թե՛ մետալ երաժշտության ոլորտում հետաքրքիր հանդիպումներ ունեցա տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Հուսով եմ՝ հետաքրքիր համագործակցություն դուրս կգա այդ ամենից»,- նշել է նա:

Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ֆորումի ընթացքում ծանոթացել են գործակալի հետ, որը հետաքրքրվել է զբաղվել կոմիքսների վաճառքով եւ թուրքերեն թարգմանությամբ:

«Դեռ վաղ է ասել՝ ինչ կստացվի, բայց շատ կարեւոր քայլ է: Կա նաեւ հետաքրքրված հրատարակչություն, որն ուզում է նաեւ նոր գործեր մեզ պատվիրել: Ժամանակը ցույց կտա»,-ասել է նա:

DressZone (կանանց համար իրենց զգեստների միջոցով գումար խնայելու եւ վաստակելու հարթակ)

Ստարտափի հիմնադիր Անդրանիկ Շահբազյանը կարեւորել է մի շարք ներդրողների եւ ՏՏ դեմքերի հետ հանդիպելու հնարավորությունը:

HurryApp (կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք)

Ստարտափի հիմնադիր Հրաչուհի Բարսեղյանը նշում է, որ ֆորումին մասնակցությունը ոլորտին այլ աչքով նայելու հնարավորություն է տվել:

«Ստամբուլում կա հսկա տեխնոպարկ, ասում են՝ տարածաշրջանում ամենամեծն է: Ժամանակի սղության պատճառով մենք չկարողացանք այնտեղ այցելել: Հասկացանք, որ Հայաստանի ՏՏ-ի առավելությունը մարդկային ռեսուրսներն են: Մեզ համար ֆորումը համագործակցության լավ հարթակ էր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Շրի Լանկայի, Պակիստանի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ, որպեսզի հավելվածը ապագայում իրենց մոտ ներկայացվի: Սակայն այժմ կենտրոնացած ենք հավելվածը թարմացնելու աշխատանքների վրա, որից հետո միայն կզբաղվենք համագործակցության հարցերով»,- նշել է Հրաչուհի Բարսեղյանը:

2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել մասնակցելու StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:

«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների եւ ստարտափների միջեւ: