09:51 | 01.10.16 | Նորություններ | 3527

Վարչապետը կարեւորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն սեպտեմբերի 30-ին ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:

Վարչապետը նշել է, որ ակնկալում է լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձեւավորմանը, այլեւ երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության եւ ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող եւ հարակից այլ հարցեր:

Կարեն Կարապետյանն առանձնակի կարեւորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության եւ կադրերի պատրաստման խնդրին:

Վարչապետը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ եւ հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ: