ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ընթացող «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:
Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, զրուցել նրանց գործունեության եւ հետագա զարգացման ծրագրերի մասին:
«Երեւան Էքսպո»-ի առանձին սրահում նախագահին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձեւաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:
«ԴիջիԹեք էքսպո-2016»-ին տեղական ընկերություններից բացի, մասնակցում են առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Հնդկաստանից:
Էքսպոն գործում է սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը՝ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո: