11:44 | 19.09.16 | Նորություններ | 3139
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել MaxMonitor/Mediatrends հարթակում:
Ս.թ. փետրվարին գործարկված MaxMonitor/Mediatrends հարթակը թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել, թե հայկական օնլայն մեդիայի որ հրապարակումներն են գրավում ընթերցողների ուշադրությունը:
MaxMonitor/Mediatrends-ի ցուցանիշները ձեւավորվում են հայկական օնլայն մեդիաներում հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա։ Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հրապարակման like-երի, share-երի եւ comment-ների հանրագումարից։
«Հետեւելով հարթակի աշխատանքին վերջին ամիսների ընթացքում, եկանք այն համոզման, որ կան կայքեր, որոնց հրապարակումների հանդեպ ընթերցողների ուշադրությունը կրում է ուռճացված կամ արհեստական բնույթ, մասնավորապես, կեղծ օգտատերերի ներգրավմամբ: Փորձել ենք հնարավորինս զտել դիտարկվող կայքերի ցանկը եւ կարծում եմ, որ ներկայիս պատկերը հնարավորինս մոտ է իրականին», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
MaxMonitor/Mediatrends-ը հաշվարկում է, թե որ հրապարակումներն են արժանանում Facebook-ի օգտատերերի ուշադրությունը եւ ցուցադրում տվյալները 4 ժամանակահատվածների համար` 30 րոպե, 1 ժամ, 24 ժամ եւ 1 շաբաթ: Տվյալների ցուցադրումը թարմացվում է 60 վայրկյանը մեկ ։
Համակարգի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հղումով:
Մեդիամաքսը, հանդիսանալով Հայաստանի մեդիա-մոնիտորինգի, վերլուծության եւ չափման բացարձակ առաջատարը, 2015 թվականին գործարկեց MaxMonitor ավտոմատացված համակարգը, որից օգտվում են մի քանի տասնյակ մասնավոր եւ պետական կազմակերպություններ: