16:04 | 16.09.16 | Նորություններ | 6789

UpStart ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր

Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում առաջին անգամ անցկացնում են UpStart ծրագիրը, որի շրջանակում հոկտեմբերի 29-ին 15 ստարտափ կներկայանա 50-ից ավել միջազգային գործարարների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների առաջ:

UpStart-ը ստարտափների համար նախատեսված մրցույթ է, որը բաց է նորարարական լուծում առաջարկող ստարտափերի համար, որոնք գտնվում են զարգացման տարբեր շրջաններում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է կայքից ներբեռնել դիմում-հայտը, լրացնել եւ ուղարկել կայքում նշված էլ-փոստով՝ մինչեւ հոկտեմբերի 10-ը: Դիմում-հայտը ներկայացնելուց հետո ընտրված ստարտափերը ցանկության դեպքում կանցնեն եռօրյա դասընթացներ, որոնց ընթացքում կբարելավեն եւ կզարգացնեն իրենց ստարտափը ներկայացնելու հմտությունները։

«Տարբեր ծրագրերի միջոցով մենք ստարտափերին տրամադրում ենք համապարփակ աջակցություն ինչպես բուն պրոդուկտի մշակման, այնպես էլ ներդրողների հետ հարաբերությունների  հաստատման, պրոդուկտը շուկա հանելու ուղղությամբ։ UpStart-ը հիանալի հնարավորություն է զարգացման փուլում գտնվող եւ մինչեւ 250,000 ԱՄՆ ներդրում փնտրող ստարտափերի համար։ Ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունը հայկական ստարտափերի նկատմամբ, եւ նմանատիպ միջոցառումները կամուրջ են հանդիսանում ստարտափերի եւ ներդրողների միջեւ»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի առաջին եւ երկրրոդ տեղը զբաղեցրած թիմերը կստանան համապատասխանաբար $2500 եւ $1000 ֆինանսավորում։ Ստարտափ թիմերը մրցանակաբաշխությունից հետո կունենան հնարավորություն շփվել հրավիրված գործարարների հետ։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համար այս միջոցառումը ունի մեկ գերակա նպատակ՝ հայասստանյան եւ արտասահմանյան հայ գործարարների, ինչպես նաեւ միջազգային նշանակություն ունեցող վենչուրային եւ հետազոտողական հիմնադրամների առաջնորդների հետաքրքրությունը սեւեռել դեպի Հայաստանյան ինովացիաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալ մրցունակ միավորներ եւ իրենց զարգացմամբ նպաստել նորարարական մոտեցումների վրա հիմնվող  գործարար մշակույթի կերտմանը։ UpStart-ի շրջանակում մասնակիցների համար ստեղծելու ենք հնարավորություն անհատական հանդիպումներ ունենալ հետաքրքվող ներդրողների հետ, ինչպես նաեւ աջակցելու ենք բանակցությունների վարման ընթացքում։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին ,ապա ամենամեծ արդյունքը կլինի իրական ներդրումների իրականացումը եւ համոզված կարող ենք ասել, որ UpStart-ը ավելի մեծ գործընթացի մեկնարկ է, եւ մենք շարունակական  կերպով պիտի աջակից լինենք այս ոլորտի եւ ստարտափերի հետեւողական զարգացման գործընթացին»,- ասել է Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր եւ տնօրեն Մարիամ Թորոսյանը։