17:01 | 22.08.16 | Նորություններ | 44086

Skycryptor-ը ճանաչվել է Sevan Startup Battle-ի հաղթող

Օգոստոսի 21-ին Sevan Startup Summit յոթօրյա տեխնոլոգիական ճամբարի շրջանակում կայացավ Sevan Startup Battle-ը, որի շրջանակում նախնական փուլում (early stage) գտնվող 10 ստարտափ ներկայացավ ժյուրիին:

Հաղթող ճանաչվեց Skycryptor թիմը՝ արժանանալով $5000 մրցանակի:

«Skycryptor-ը պաշտպանում է օգտագործողի ֆայլերը Dropbox-ում եւ Google Drive-ում՝ գաղտնագրման միջոցով: Ստարտափի թիրախում արտասահմանյան, մասնավորապես ամերիկյան շուկան է: Ստացված մրցանակային գումարը ծախսվելու է նպատակային՝ ինտելեկտուալ սեփականության հարցերը կարգավորելու համար: Մրցույթը հերթական անգամ լավ առիթ էր փիչինգի մասնակցելու եւ այդ ասպարեզում հմտությունները զարգացնելու համար»,- նշել է ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը:

Ժյուրիի անդամ, gg-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն՝ անդրադառնալով Skycryptor-ի հաղթանակին, նշել է, որ, ըստ ժյուրիի, տվյալ նախագիծը համաշխարհային մասշտաբով հայտնի դառնալու ամենամեծ շանսերն ունի:

«Այս համաժողովն իր տեսակի մեջ առանձնահատուկ է Հայաստանում, եւ մենք ցանկանում ենք այն ամենամյա դարձնել: Եթե այս տարի թիմերի մեծամասնությունն ուներ հայկական ծագում, ապա մոտակա տարիներին աշխարհագրությունը կընդլայնվի: Մեր նպատակն է «Սեւան + տեխնոլոգիա» բրենդը հայտնի դարձնել համաշխարհային ասպարեզում: Այսօր դա ռեալ իրագործելի առաջադրանք է»,- նշել է Խաչատուր Գրիգորյանը:  
 
Ժյուրիի անդամ, Գրանատուս Վենչուրս ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանն իր հերթին տեղեկացրել է, որ օգոստոսի 23-ին սաղմնային փուլում (seed stage) գտնվող ստարտափները եւս հնարավորություն կունենան պայքարել $2500 մրցանակի համար:

«Այս ոլորտում արդյունքները երեւում են երկարաժամետ կտրվածքում: Տեսնելով, թե ուր կհասնեն այս տարվա համաժողովի մասնակից թիմերը, մյուս տարի կդիտարկենք արդյունքները եւ կսպասենք արդեն նոր թիմերի»,- նշել է Աշոտ Արզումանյանը:  

Օգոստոսի 18-24-ը Սեւանում անցկացվող Sevan Startup Summit տեխնոլոգիական ճամբարը կազմակերպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը:

Նարինե Դանեղյան