15:05 | 05.08.16 | Նորություններ | 2313

Մահացել է ամերիկահայ տեխնոլոգիական ձեռներեց Բլեյք Գրիգորյանը

Երեկ Սան Ֆրանցիկոսյում մահացել է Սիլիկոնյան հովտում հայտնի հայազգի տեխնոլոգիական ձեռներեց, Slingbox-ի հիմնադիր Բլեյք Գրիգորյանը:

Ինչպես հաղորդում է Recode-ը, չնայած նրան, որ մահվան պատճառը դեռ հաստատված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել սերֆինգի ժամանակ սրտի կաթվածից:

48-ամյա Բլեյք Գրիգորյանը հայտնի էր ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ մեդիա շրջանակներում:

2004թ. նա եղբոր հետ հիմնադրում է Sling Media ընկերությունը, որի մշակած Slingbox ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց հեռուստացույցից օնլայն հեռարձակում ապահովել դեպի համակարգիչ կամ մոբայլ սարքեր՝ հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ, որն այն ժամանակ հեղափոխական գաղափար էր:  

2007թ. արբանյակային հեռուստատեսային EchoStar Communications ընկերությունը գնում է Slingbox-ը $380 մլն-ով:

2011-2013 թթ. Բլեյք Գրիգորյանն աշխատում է Amazon-ի տնօրենների խորհրդում՝ թողնելով այդ պաշտոնը միայն այն ժամանակ, երբ Microsoft-ը գնում է նրա id8 Group R2 Studios տնային ավտոմատացման ծառայություն մատուցող ընկերությունը: Արդյունքում նա դառնում է Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ՝ ինտերակտիվ զվարճանքի բիզնեսի գծով՝ վերահսկելով նաեւ Xbox-ի թիմը:

Սոցցանցերում Բլեյք Գրիգորյանի անսպասելի մահվանն արձագանքել են Microsoft կորպորացիայի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, LinkedIn-ի գործադիր տնօրեն Ջեֆ Վեյները եւ ուրիշներ: