11:45 | 05.08.16 | Նորություններ | 2995

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ օնլայն խարդախներից

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով զգուշանալ վերջերս բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում հայտնված հաղորդագրություններից, որտեղ նշվում է, թե պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը եւ որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8500 ՀՀ դրամ։

Ոստիկանությունը տարածած հաղորդագրությամբ հորդորում է չվճարել պահանջվող գումարը եւ համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) եւ դիտարկչի հավելումները (extension) կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։

Նշվում է, որ խարդախների կողմից քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։

«Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որեւէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ոստիկանությունը խարդախների գործունեությունից տուժած քաղաքացիներին կոչ է անում զանգահարել 011-56-27-18, 010-59-67-33 հեռախոսահամարներով: