10:19 | 05.08.16 | Նորություններ | 8238

Ucom-ի աջակցությամբ անցկացվել է Դիջիքեմփ նորարարական ճամբարը

Նորարարական գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդները հրաժեշտ են տվել հուլիսի 25-ից օգոստոսի 4-ը Հանքավանում անցկացված «Դիջիքեմփ» ինովացիոն ճամբարին:

Արդեն ավանդական դարձած  ճամբարն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության եւ  Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ:

Դիջիքեմփ 2016-ին մասնակցելու համար ավելի քան 200 հայտերից ընտրվել են 78-ը, որոնք գնահատվել են ըստ ներկայացված գաղափարների եւ հայտարարված չափանիշներին դրանց համապատասխանության:

Դիջիքեմփի բովանդակային առանցքը կազմել են նորարար ձեռներեցության վերաբերյալ դասընթացները, հայաստանյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները, մենթորների հետ գործնական աշխատանքը, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային միջոցառումները:

Կիրառելով ստացած գիտելիքները՝ մասնակիցներից յուրաքանչյուրն ընկերներին ներկայացրել է իր բիզնես գաղափարը, որի արդյունքում 78 նախագծերից հենց մասնակիցները ընտրել են լավագույն 13-ը եւ դրանց շուրջ թիմեր կազմել: Այդ նախագծերը ժյուրիի դատին հանձնելու համար թիմերը նախեւառաջ նորարարական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների են մասնակցել, որոնց ընթացքում սովորել են կառուցել բիզնես մոդելներ եւ հստակեցրել գաղափարների ոչ միայն տեխնիկական բաղադրիչները, այլեւ սպառողների սեգմենտավորումը:

Պատանի նորարարներին իրենց գործունեության մեջ մոտիվացնելու համար անձնական զարգացման դասընթաց է վարել նաեւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 նախագծերը (Laser Security, MuBo, SmartBeeBox) արժանացել են դրամական մրցանակների՝ դրանք հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար:

Մասնակիցներն արժանացել են նաեւ պատվոգրերի եւ այլ մրցանակների՝ տարբեր սպորտային միջոցառումներում ձեռք բերած հաջողությունների համար։
Ucom ընկերության կողմից սմարթֆոնների տեսքով հատուկ մրցանակների են արժանացել առաջին մրցանակային տեղն զբաղեցրած Laser Security թիմի վեց անդամներ՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Գոռ Վարդանյանը, Քնարիկ Կարապետյանը, Աննա Մովսիսյանը, Դավիթ Սարոյանը, Ռազմիկ Ոսկանյանը, ինչպես նաեւ 3-րդ մրցանային տեղ զբաղեցրած SmartBeeBox թիմի ղեկավար Գարիկ Քյարունցը, Just նախագծի հեղինակ  Նաիրի Հարությունյանը եւ Դիջիքեմփ 2016-ի լավագույն մարզիկ ճանաչված Մարտին Հովհաննիսյանը:  

«Կրթությունն է, որ մեզ զինելու է կյանքի ապագա մարտերի համար։ Հիացած եմ, որ այստեղ այնպիսի գաղափարներ հնչեցին, որոնք առ այսօր որեւէ հարթակից չեն հնչել տարիքով ավելի մեծ եւ հետեւաբար՝ առավել փորձառու մասնագետների կողմից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը: