06:17 | 29.06.16 | IT պատանիներ | exclusive 19462

IT պատանիներ. Հայկ Ադամյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

15-ամյա Հայկ Ադամյանն արդեն երկու ստարտափ է հիմնադրել՝ dHunt եւ jHunt՝ դրանցով մասնակցելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսելերացիայի ծրագրին: Ճիշտ է՝ ստարտափները զարգացում չունեցան, սակայն Հայկը շուտով պատրաստվում է նոր ստարտափ հիմնել: Գաղափարն արդեն կա, սակայն երիտասարդ ծրագրավորողը փակագծերը դեռ չի բացում: 


Հայկ Ադամյանը

*****
Ծրագրավորում եմ սովորել «Թումո» կենտրոնում, ներկայում աութսորս աշխատանքներով եմ զբաղվում: Ի դեպ, վերջերս աշխատել եմ entrepreneur.com եւ L'Oréal Paris կայքերի տեխնիկական մասի վրա: Զուգահեռ սովորում եմ ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

******

11 տարեկանում նեթբուք ունեի, որով խաղ խաղալն անհնար էր, եւ դա ստիպեց ինձ, որ հետաքրքրվեմ խաղ պատրաստելու գիտելիքներով: Դա ինձ, իհարկե, չհաջողվեց, քանի որ տեխնոլոգիաներ էին անհրաժեշտ, որոնք այն ժամանակ չունեի: Անցա վեբ ծրագրավորման, խորհուրդ տվեցին օնլայն հարթակներում հայտարարություն տալ, որ կայքեր եմ պատրաստում: 12 տարեկանում ստացա կայք պատրաստելու առաջին պատվերը: Հիշում եմ՝ հարցազրույցի էի գնացել մայրիկիս հետ, որպեսզի ինձ լուրջ վերաբերվեն: Եվ այդ մեթոդն աշխատեց:


Հայկ Ադամյանը

Կարծում եմ՝ եթե կարող ես ապրել Հայաստանում, բայց աշխատել դրսի հետ եւ դրսից եկամուտ ստանալ, ապա դա ամենալավ տարբերակն է:

Բլից հարցեր՝

-Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Եթե այդ հարցին 1 տարի առաջ պատասխանելու լինեի, կասեի համակարգչային խաղ: Հիմա կընտրեմ բակում խաղալը, գուցե ոչ ֆուտբոլ, բայց՝ բակում: Աշխատում եմ համակարգչից ու խաղերից հեռու մնալ, դրանք ինձ համար հիմա պարզապես գործիք են դարձել: 

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Չկան տեխնոլոգիաներ, եւ եկամտի աղբյուրն այդ ժամանակ միանգամից կտրվում է: Եթե անգամ նորից որոշեի ստեղծել տեխնոլոգիաներ, ապա բոլորին դրանք հասանելի չէին լինի մի պարզ պատճառով. երբ տեխնոլոգիաները հասանելի են դառնում բոլորին, մեծանում է դրանց տիրապետողների կողմից միմյանց վրա ազդելու հնարավորությունները:

Մյուս կողմից էլ՝ կարծում եմ, որ այդ իրավիճակում տեխնոլոգիաներ վերստեղծելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ավելի լավ է փորձել հարմարվել նոր միջավայրին:

-Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Ներդրում կանեի որեւէ ստարտափում, մի բանում, որը կոնկրետ մարդկանց սեգմենտի համար կդառնար առօրյայի մաս:


Հայկ Ադամյանը

-Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

-Սիլիկոնյան հովտում, քանի որ եթե այնտեղ գնամ, շանսեր կան, որ այնտեղից կարող եմ ժամանակի ընթացքում մեծ եկամուտներ, ներդրումներ, կապեր ստանալ: Եթե հասա Սիլկոնյան հովիտ, ապա իմ շանսերը, որ կկարողանամ հաջորդ անգամ Մալդիվներ գնալ, շատ ավելի մեծ կլինեն, քան հակառակը՝ առաջինը Մալդիվներ գնալու դեպքում: 

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Որեւէ հայտնի լրագրողի հետ, ինչի արդյունքում իմ մասին կգրեին տվյալ լրատվամիջոցում: Այդ հանդիպումը, հնարավոր է, իմ առաջ կբացեր դռներ հետագայում բազմաթիվ այլ հայտնի մարդկանց հետ հանդիպելու:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի