06:06 | 28.06.16 | Հոդվածներ | exclusive 7297

Ի՞նչն է .am դոմեյնային գոտում գրավում չինացիներին

Հունիսի 20-ի դրությամբ .am դոմեյնում գրանցումների քանակով երկրորդ տեղում է Չինաստանը: Հունիսի 24-ի դրությամբ` .am դոմեյնի գրանցումների 27.27%-ը (8805 դոմեյն) գրանցվել է հենց Չինաստանից: Երրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ն կրկնակի պակաս ցուցանիշ ունի՝ 11.28% (3642 դոմեյն):

Itel.am-ը փորձել է հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված արտերկրից՝ մասնավորապես Չինաստանից հայկական դոմեյնային գոտու նկատմամբ աճող հետաքրքրությունը:

«Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը նշում է, որ Չինաստանը միակ ասիական երկիրն է, որտեղից ակտիվություն է նկատվում
հայկական .am դոմեյնային գոտու նկատմամբ:

«Չինացիները հիմնականում թվային դոմեյններ են գրանցում: Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ նրանց մշակույթում թվերն ունեն հատուկ նշանակություն: Մյուս երկրներից հետաքրքրությունը հիմնականում առնչվում է բրենդային եւ իմաստ ունեցող անուններին, օրինակ, AM ռադիոկայանները կամ am տառերով վերջացող անունները, օրինակ, Instagr.am-ը»,- բացատրում է նա:



Դոմեյնների վաճառքով զբաղվող Reg.am-ի մենեջեր Մարիետա Դանիելյանն իր հերթին նշում է, որ .am դոմենային գոտու նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրությունը պայմանավորված է նախեւառաջ դրա մատչելիությամբ:

«Օրինակ, մեր չինացի գործընկերների դեպքում դա այլընտրանքային լավ տարբերակ է: Լինելով մեծ ազգ՝ նրանք գրեթե սպառել են իրենց դոմեյնային գոտիները, իսկ .am-ն այս պարագայում նրանց համար իդեալական լուծում է: Այն երկտառ է, պրակտիկ եւ որ ամենակարեւորն է՝ մատչելի: Ոմանք, օրինակ, գրանցում են զուտ թվային դոմեյններ, մի մասին էլ հարկավոր է 2-3 տառ ունեցող դոմեյնային անվանում»,- նշում է Reg.am-ի մենեջերը:

Իգոր Մկրտումյանը, այնուամենայնիվ,  չի կարծում, որ .am գոտու նկատմամբ արտերկրից առկա է նկատելի հետաքրքրություն:

«20 տարվա ընդացքում .am գոտում գրանցվել է ընդամենը 30 հազ. դոմեյն: Համեմատությունը մեր չափի երկրների հետ մեր օգտին չէ: Լիտվայում առ այսօր գրանցվել է 118 հազ. դոմեյն, Լատվիայում՝ 178 հազ., Էստոնիայում՝ 119,5 հազ.: Այսօր ինտերնետում հասանելի են 600 բարձր կարգի դոմեյնային գոտիներ, որտեղ կարելի է ազատ գրանցել նոր դոմեյն: Ընտրությունն այնքան մեծ է, որ ռեգիստրները պայքարում են պոտենցիալ դոմեյն գրանցողների համար, այլ ոչ թե սահմանափակում նրանց»,- նշում է նա՝ ընդգծելով, որ արտերկրից հայկական դոմեյնների գնորդների առաջ սահմանափակում դնելու անհրաժեշտություն չկա: 

Մարիետա Դանիելյանը, իր հերթին, կարծում է, որ արտերկրի գնորդների կողմից հետաքրքրությունը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: 

«Իհարկե, ավելի ոգեւորիչ կլիներ, եթե .am տիրույթի գրանցման ծավալներն ավելանային հայաստանյան շուկայի շնորհիվ, բայց այս դեպքում եւս սա հօգուտ մեր երկրի է: Մենք միջազգային շուկա ենք հանում մեր ծառայություններն ու պրոդուկտները, ինչի հաշվին մեծանում է կապն արտերկրի հետ, առաջանում է Հայաստանի նկատմամբ արտաքին հետաքրքրվածություն, բացվում են համագործակցության նոր հեռանկարներ: Սա էլ իր հերթին ենթադրում է Հայաստանի տնտեսական զարգացում եւ ֆինանսական ներհոսք»,- եզրափակում է նա:

Նարինե Դանեղյան