07:21 | 21.06.16 | Հոդվածներ | exclusive 5866

«Շարան» հավելվածը կօգնի «լսել» հայ դասականներին

Գործարկվել է «Շարան» մոբայլ հավելվածը, որը հայերեն աուդիոգրքերի գրադարան է: Այն ներառում է 5-րդ դարից մինչեւ մեր օրերը հայ դասական գրողների աշխատանքները:

Հավելվածը հասանելի է App Store-ում: 

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի հիմնադիր Ռուզաննա Ղազարյանը պատմել է, որ հիմնական գործառույթը աշխարհի բոլոր հայերին հայ դասական գրականությանը հաղորդակից դարձնելն է:

«Հավելվածը շատ հեշտ է օգտագործել: Հարկավոր է ընտրել գրականության ժամանակաշրջանը, այնուհետ՝ նախընտրած գրողին: Հնարավորություն կա ստեղծագործությունը լսել առցանց կամ ներբեռնել: Այժմ «Շարան»-ում ընդգրկված բոլոր ձայնագրությունները վերցված են անհատների պահոցներից՝ բնականաբար, նրանց այդ մասին նախապես տեղեկացնելուց հետո: Նախատեսում ենք ստեղծել մեր պահոցը՝ գրողների եւ երկերի ավելի ընդգրկուն ցանկով»,- պատմել է Ռուզաննա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հավելվածը ստեղծելու գաղափարը ծնվել է ընկերներից մեկի շնորհիվ:

«Տեսնելով հայոց լեզվի եւ հայ գրականության հանդեպ փոքրուց ունեցած նրա սերը՝ ոգեշնչվեցի: Լինելով բնագիտական ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ նա շատ ու շատ բանասերներից առավել գիտելիքներ ունի լեզվից եւ գրականությունից: Եվ շատ էին լինում դեպքերը, երբ Հայոց լեզվի կամ Հայ գրականության մասին զրուցելիս, զգում էի, թե ինչքան եմ թերացել ժամանակին, շատ բաներ մոռացվել էին դպրոցից հետո՝ գիտելիքները պարբերաբար չթարմացնելու արդյունքում: Ամաչում էի, որովհետեւ կան բաներ, որոնք պարզապես չի կարելի չիմանալ կամ չհիշել: Հավելվածում առկա բոլոր նկարագրությունները գրել է վերեւում նշված տաղանդավոր երիտասարդը, աուդիոգրքերը նույնպես նրա շնորհիվ են համալրել հավելվածը»,- ընդգծել է Ռուզաննա Ղազարյանը:

Հավելվածի թիրախային օգտատերերը հայոց լեզուն ու գրականությունը սիրող մարդիկ են.

«Օրինակ, բազմաթիվ սփյուռքահայեր այսօր հայոց լեզվին միայն բանավոր են տիրապետում, այն էլ՝ տանը՝ ծնողների հետ, մայրենի լեզվով հաղորդակցվելու շնորհիվ: Այդպես պատնեշ է առաջանում հայի եւ Հայ գրականության միջեւ: «Շարան»-ի միջոցով, կարծում եմ, այդ պատնեշը մասամբ հնարավոր կլինի հաղթահարել»,- ասել է Ռուզաննա Ղազարյանը:

Առաջիկայում պատրաստ կլինի հավելվածի Android տարբերակը:

Նարինե Դանեղյան