06:56 | 15.06.16 | Հոդվածներ | exclusive 8802

Աշխարհի տեխնոլոգիական սրտում. Google-ը՝ ներսից

Սան Ֆրանցիսկոյից Սիլիկոնյան հովիտ մեքենայով կարելի է հասնել 1 ժամում: Պատմական օր է ինձ համար՝ գնում եմ Google-ի կենտրոնական գրասենյակ:

Ճանապարհին Uber-ի վարորդի հետ վերլուծում ենք ԱՄՆ նախագահական քարոզարշավը, խոսում Սան Ֆրանցիսկոյի անվտանգության խնդիրների մասին: Ընթացքում հնչում է ավանդական հարցը՝ որտեղի՞ց ես: Լսելով Հայաստան անունը՝ վարորդը հիացմունքով բացականչում է՝ Kardashians:



Google հասնում եմ ընդմիջման ժամին՝ տարածքը մարդաշատ է: Քայլում են հիմնականում խմբերով, ավելի ճիշտ՝ մասնագիտական խմբերով. սա են հուշում աշխատակիցների t-shirt-երը՝ Google Maps, Google Now եւ այլն:

Ակամայից հիշում եմ «Սիլիկոնյան հովիտ» սերիալում հնչող հետեւյալ միտքը: «Տարօրինակ է, նրանք միշտ քայլում են 5-հոգանոց խմբերով: Այս ծրագրավորողները…. Միշտ կա բարձրահասակ նիհար սպիտակամաշկ տղա, կարճահասակ նիհար ասիացի, գեր տղա՝ պոչ կապած մազերով, խելագար մազերով ինչ-որ մեկը եւ մի հնդիկ: Այնպիսի տպավորություն է, որ նրանք անընդհատ վաճառում են տղաներին, մինչեւ որ նրանք ճիշտ խումբ են ընկնում»,- ֆիլմում նման դիտարկումներ է անում Hooli-ի գործադիր տնօրեն Գեւին Բելսոնը: Բայց վերադառնանք Google:



Google-ը հրապուրիչ աշխատատեղ է աշխարհի գրեթե բոլոր ծրագրավորողների համար, սակայն ոչ բոլորն են կարողանում հաղթահարել հարցազրույցի փուլերը: Քայլում եմ՝ գիտակցելով, որ շրջապատված եմ աշխարհի գուցե լավագույն ծրագրավորողներով: Գերխելացիների շրջապատում մի քանի ժամ անցկացնելը, իհարկե, հաճելի է, իսկ եթե դրան գումարես արեւադարձային ծառերի ստվերը, որ զովացնում է կեսօրի տապը, եւ ոչ բարձրահարկ գեղեցիկ շենքերը, ապա՝ Google-ը հիասքանչ վայր է:


 
«Google պետությունը» բազմազգ է, իմ դիտարկմամբ՝ շատ են հատկապես հնդիկներն ու ասիացիները: Քիչ չեն նաեւ հայերը, ճիշտ է՝ չկան հստակ թվեր, սակայն Google-ում աշխատող հայերի թիվը տատանվում է 100-200-ի սահմանում: Այդ օրը հանդիպեցի նրանցից երեքին: Ի դեպ, հատուկ շնորհակալություն Google Now-ի թիմում աշխատող ծրագրավորող ինժեներ (Software Engineer) Արա Ավանեսյանին՝ ընկերությունում ինձ հյուրընկալելու համար:

Անդրադառնանք Google-ի առավելություններին: Սկսենք ամենակարեւորից՝ սնունդն այստեղ անվճար է:



Չիփսերից մինչեւ մալայզական խոհանոց. Google-ի սնունդը կգնահատեն անգամ ամենախստապահանջ գուրմանները:



Տարածքը գեղեցկացնում են Google-ի գունավոր հեծանիվները. դրանք շատ են օգտագործվում աշխատողների կողմից այլ մասնաշենքեր հասնելու համար, քանի որ ընկերությունն իսկապես ահռելի է:



Google-ի աշխատակիցների շրջանում նորաձեւ են էլեկտրական մեքենաները, այդ իսկ պատճառով տարածքում դրանց մարտկոցները լիցքավորելու վայրերը եւս շատ են:



Այսպիսին է Google-ի աշխատակցի դասական աշխատասեղանը:



Google Street View-ի մեքենան է: Այն կառավարվում է Google Maps-ի եւ Google Earth-ի կողմից՝ թույլ տալով դիտել աշխարհի շատ քաղաքներ՝ 360 աստիճանով:



Կրեատիվն անտարբեր չի անցել անգամ առաստաղների կողքով: Սա Google-ի շենքերից մեկի առաստաղն է:



Google-ի աշխատակիցները ցանկացած պահի կարող են օգտվել այս աթոռից ու մի լավ հանգստանալ: Ասում են, այստեղ քնելու դեպքում դրական երազները երաշխավորված են: 



Եթե «ալարում եք» երկրորդ հարկից առաջին հարկ ոտքով իջնել, օգտագործեք խողովակը: Ի տարբերություն վերելակի՝ եթե էլեկտրականությունն անջատվի, այն կշարունակի աշխատել:



Հ.Գ.

Վերադառնալով Սան Ֆրանցիսկո՝ երեկոյան բարձրանում ենք քաղաքի ամենաբարձր երկնաքերերից մեկի՝ «Մարիոթ» հյուրանոցի 39-րդ հարկ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան:



Թվում է, թե հոգնած աշխատանքային օրվանից հետո մարդիկ պետք է դադարեն խոսել տեխնոլոգիաների մասին, սակայն հենց կողքի սեղանին ներդրողների մի խումբ քննարկում է հերթական վեց եւ ավելի զրոներով ներդրումը:

Սան Ֆրանցիսկոն աշխարհի տեխնոլոգիական սիրտն է: Այն գրավում է բոլորին՝ չնայած իր ոչ այնքան կայացած տրանսպորտային համակարգին, մեծ թվով անօթեւաններին եւ ահռելի չափերի հասնող բնակարանային վարձերին: Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այստեղ՝ «տեխնոլոգիական բախտի» հետեւից: Այստեղ ստարտափների 90%-ը ձախողում է, ինչի շնորհիվ մնացած 10%-ը հնարավորություն է ունենում ստեղծելու ընկերություններ, որոնք դառնում են ապագա «գուգլներ» եւ «ֆեյսբուքներ»:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Մեդիամաքս