08:35 | 10.06.16 | Հոդվածներ | exclusive 11045

Հայկական Gugas հավելվածը կմիավորի տաքսիի ու քարփուլի գործառույթները

Գործարկվել է Gugas հայկական մոբայլ հավելվածը, որը միավորում է տաքսի պատվիրելու ու քարփուլինգի (մասնավոր ավտոմեքենայի համատեղ օգտագործում՝ օնլայն ծառայությունների միջոցով ուղեկից գտնելու միջոցով):

Այն հասանելի է iOS եւ Android համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:

Հավելվածը ստեղծել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Համակարգչի եւ տեղեկույթի գիտության ֆակուլտետի երեք ուսանողներ՝ Կառլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանը եւ Ալբերտ Համբարձումյանը: 

Itel.am-ի հետ զրույցում Կառլեն Մանասերյանը նշել է, որ Gugas-ը նախատեսված է ուղեւորների համար, իսկ Gugas driver-ի մուտքն ազատ է թե՛ վարորդների, եւ թե՛ ուղեւորների համար:

«Տաքսի պատվիրելիս ուղեւորը հնարավորություն ունի նշելու իրեն հարմար ժամը (taxi pre-order): Տաքսիի ուղեվարձը ճշգրտորեն հաշվարկում է մեր համակարգը: Քարփուլինգը կատարվում է հետեւյալ կերպ՝ վարորդը ստեղծում է ուղեւորության հայտարարություն, որտեղ նշում է սկզբնակետը, ժամը, ուղեվարձը եւ այլն: Ի դեպ, մենք չենք վերցնում կոմիսիոն վճար քարփուլի համար, ինչը հնարավորություն է ընձեռում ստեղծել ցածր ուղեվարձերով, եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ անվճար ուղիներ»,- տեղեկացրել է Կառլեն Մանասերյանը:



Նա կարեւորել է նաեւ Facebook event-ների վրա հիմնված քարփուլինգը: Վերջինս համախմբում է տվյալ event-ի մասնակից վարորդներին եւ ուղեւորներին մեկ վայրում՝ հեշտացնելով քարփուլինգը:

Gugas-ի թիրախում հիմնականում երիտասարդներն են, մարզերից Երեւան եկող ուսանողները, ինչպես նաեւ յուզերները, որոնք գնահատում են տրանսպորտի ոլորտում հարմարավետությունն ու նորարարությունը: 

Gugas-ի համահիմնադիրներից Հայկազ Բագրատյանն իր հերթին առանձնացրել է գնահատման մեխանիզմը:

«Ուղեւորները եւ վարորդները կարող են միմյանց գնահատել ճանապարհորդությունից հետո, որը կապահովվի առավել հուսալիություն թե վարորդների համար եւ թե ուղեւորների համար: Ի դեպ, տաքսու համար չկա կոմիսիոն վճար մինչեւ սեպտեմբերի մեկը, իսկ քարփուլի համար կոմիսիոն վճար չենք էլ նախատեսում»,- նշել է նա:

Հայկազ Բագրատյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսելու են ավելացնելու նաեւ taxi share (կամ taxipooling) գործառույթը, որը հնարավորություն կտա ուղեւորներին կիսել տաքսիի ուղեվարձը՝ եթե համաձայնեն կիսել տաքսին մեկ ուրիշի հետ: Նախատեսվում է պատրաստել նաեւ Gugas-ի վեբ տարբերակը:

«Քարփուլի հարթակի անվճար լինելն արդեն իսկ վկայում է այն մասին, որ սա ուղղակի շահ հետապնդող նախաձեռնություն չէ: Մեր նպատակն է Հայաստանի տրանսպորտային ոլորտում ստեղծել որակյալ ՏՏ լուծումներ առաջարկող ծառայության նախադեպ, զարգացնել «քարփուլ» երեւույթը Հայաստանում: Ընդհանուր առմամբ, մենք տարբերվում ենք մյուսներից նրանով, որ առաջարկում ենք միայն տեխնոլոգիական հարթակ ճանապարհորդողների համար»,- ընդգծում է Հայկազ Բագրատյանը:

Gugas-ի հեղինակները մինչեւ տարեվերջ ակնկալում են ունենալ շուրջ 10 հազ. ակտիվ օգտատեր, որոնց մեծ մասը կլինեն քարփուլից օգտվողները: Նրանք մտադիր են  հավելվածը ներկայացնել միջազգային շուկայում, իսկ ներկայում աշխատում են իրանական շուկա մուտք գործելու ուղղությամբ:

Նարինե Դանեղյան