10:17 | 20.06.16 | Նորություններ | exclusive 2505

«Բարքեմփ Երեւան»-ում ներկայացվել է նորացված Auto.am-ը

Հունիսի 19-ին 8-րդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա (չ)կոնֆերանսի շրջանակում ներկայացվել է Մեդիամաքսի նախագծերից Auto.am-ի զարգացման պատմությունն ու նորացված տարբերակը:

Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանի խոսքով՝ կայքը լիովին վերափոխվել է` ինչպես դիզայնն ու ինտերֆեյսը, այնպես էլ ծրագրային մասը:

Կայքը կունենա լիովին արձագանքող (responsive) դիզայն, որը հարմար կլինի մոբայլ սարքավորումներից օգտվելու համար: Կվերափոխվի նաեւ գրանցման բաժինը՝ հնարավորություն կլինի գրանցվել եւ մուտք գործել Facebook-ի եւ Google-ի միջոցով։

Հարթակում ամբողջովին վերափոխվել է նաեւ վաճառքի բաժինը: Այսուհետ Հայաստանում գործող բոլոր տրանսպորտային միջոցները, հատուկ եւ ջրային տեխնիկան մանրամասն ներկայացված կլինեն հարթակում: Այսուհետ Auto.am-ում հնարավոր կլինի նաեւ հեծանիվ վաճառել:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում արդեն ժամանակն է հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց: Այն շատերի համար դարձել է A կետից B կետը տեղափոխվելու միջոց, որոշների՝ համար ենթամշակույթի մասնիկ»,- նշել է Կարեն Անտոնյանը:

Հարթակում կատարելագործվել է նաեւ վճարումների բաժինը: Այսուհետ լրացուցիչ վճարումներ հնարավոր կլինի կատարել նաեւ ArCa ոչ վիրտուալ քարտերի, ինչպես նաեւ Visa եւ MasterCard-երի միջոցով: Կայքը կունենա նաեւ ինտուիտիվ որոնման դաշտ։



Կարեն Անտոնյանը հիշեցրել է, որ Auto.amՄեդիամաքսի 5 ինտերնետ նախագծերից առաջինն է։ Այն օնլայն է 2003-ից, ինչը հայկական կայքի համար բավական մեծ տարիք է:

Մեդիամաքսի փոխտնօրենը նշել է, որ նորացված կայքը լինելու է էկոհամակարգի մի մասը: 

«Համակարգը բաղկացած կլինի Auto.am նախագծից, որը նախատեսած է միայն տրանսպորտային միջոցների վաճառքի համար, Automarket.am հարթակից, որը նախատեսված կլինի ավտոպահեստամասերի եւ ծառայությունների ներկայացման համար՝ միաժամանակ ունենալով սերտ ինտեգրում Auto.am կայքի հետ: Հաջորդը Ավտո.հայ նախագիծն է: Ունենալով հայատառ դոմեյնային տիրույթ՝ մենք այնտեղ ներկայացնելու ենք ոչ կոմերցիոն նախագիծ, որի մանրամասները կներկայացնենք աշնանը»,- տեղեկացրել է Կարեն Անտոնյանը:

Նորացված Auto.am-ը պատրաստ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում:

«Կայքը պատրաստ է դիմանալ օրական նվազագույնը100 հազ. այցելության՝ առանց լուրջ քեշինգային մեխանիզմներ օգտագործելու։ Կայքը կունենա նաեւ ռուսերեն տարբերակ, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ-ից մեքենաների հոսքի ավելացմամբ»,- ընդգծել է Կարեն Անտոնյանը: