09:25 | 20.06.16 | Նորություններ | 2061

Հունիսի 21-ին կանցկացվի 5-րդ TEDxKids@Yerevan-ը

Հունիսի 21-ին Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 5-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որին կմասնակցեն ավելի քան 400 երեխա Երեւանից եւ մարզերից:

«Երազանքի հակառակ կողմում» կարգախոսը կրող միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից եւ առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: 

TEDxKids@Yerevan-ի շրջանակում տեսագրված TED ելույթների ընտրանու  ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-18  տարեկան 26 բանախոս, ոմանք՝ հատուկ կարիքներով:

Պատանիները խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:

«Սիմոնը կխոսի ռոբոտաշինության ու այդ ոլորտում վերամշակման դերի մասին, իսկ Արմինեն կփորձի կյանքին նայել ասֆալտի տեսանկյունից ու ներկայացնել մեզ նրա մտորումները: Մոնիկան կներկայացնի ցածրահասակ լինելու կարծրատիպերն ու կկիսվի նաեւ իր անձնական փորձով: Արտուշը կխոսի սահմանամերձ գյուղերի ու այնտեղի բնակիչների առօրյայի մասին: Որոշ ելույթներ ուղղված են հատկապես խտրականությունների խնդրին, ինչպես օրինակ, աղջիկների ֆուտբոլ խաղալն է: Մի ելույթ էլ կլինի «տանը մնացած աղջիկ» կարծրատիպի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

TEDxKids@Yerevan-ի կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ նման  միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի եւ տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում:

Միջոցառմանն աջակցում են «Թումո»-ն, Վորլդ Վիժն Հայաստանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: