09:15 | 17.06.16 | Նորություններ | 1232

Մեկնարկել է 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Այսօր Երեւանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը:

Երկօրյա ֆորումի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը բարձր է գնահատել 9-րդ տարին շարունակ այս միջոցառման անցկացումը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է: Վերջին տարիներին ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ: Այս ոլորտի ընկերություններն այսօր տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք եւ Հայաստանը մրցունակ են դարձնում միջազգային շուկաներում»,- ասել է վարչապետը:

Նա ներկայացրել է կառավարության աջակցությամբ Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ հավելելով, որ մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել է 111 նոր ընկերություն, որոնցից 98-ը ստացել է հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:

«Մեծապես կարեւորում ենք, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող եւ ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքը իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում»,- նկատել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանն այսօր այս ոլորտում մրցակցային լուրջ առավելություններ ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ:

Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) է: