06:09 | 10.06.16 | Նորություններ | 4522

Ալեքսիս Օհանյանը Reddit-ում հյուրընկալել է ՀՀ պատվիրակությանը

Ալեքսիս Օհանյանը Սան Ֆանցիսկոյում տեղակայված Reddit-ի կենտրոնական գրասենյակում ընդունել է հայկական պատվիրակությանը: 

Նա իր Ֆեյսբուքի էջում տեղադրել է հանդիպումից լուսանկար:

Ֆորումի կազմակերպիչներից Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) նշել են, որ հանդիպումը կայացել է «Հայաստան. ՏՏ ֆորում»-ի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ այլք:

Հանդիպման շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Reddit-ի տնօրեն Սթիվ Հոֆմանի, գլխավոր խորհրդական Մելիսա Թիդվելի եւ ընկերության այլ ներկայացուցիչների հետ:



Հիշեցնենք, որ «Հայաստան. ՏՏ ֆորում»-ը (Armenia IT Forum) կկայանա այսօր Սիլիկոնյան հովտում՝ Synopsys ընկերության կենտրոնակայանում: Միջոցառման շրջանակում կլինեն նաեւ այցելություններ դեպի տարբեր կազմակերպություններ՝ Սիլիկոնյան հովտի վերջին զարգացումներին ծանոթանալու նպատակով:

«Հայաստան. ՏՏ ֆորում»-ը կազմակերպվում է ArmTech Congress-ի շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի, Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի կողմից: Կազմակերպիչների թվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ՏՏ գործատուների միությունը: