11:15 | 09.06.16 | Նորություններ | 5555
«Արմենիան Քարդ»-ը, Beeline-ը եւ «Նիկիտա Մոբայլ»-ը համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին:
Ծրագիրը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների եւ ArCa համակարգի բանկերի քարտապանների համար, որոնք, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ»-ի տրամադրած USSD ինտերֆեյսի միջոցով:
Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:
«Beeline-ը մշտապես փորձում է այպես անել, որ հաճախորդների համար լինի պարզ եւ հարմար: Այս հարցում մենք չենք սահմանափակվում սեփական սակագնային փաթեթներով ու ծառայություններով եւ մեր գործընկերների հետ համատեղ ձգտում ենք բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ, որոնք կլինեն օգտակար եւ հարմար: Մենք վստահ ենք, որ USSD ArCa նորարարական ծառայությունը զգալիորեն կհեշտացնի բանկային հաշվով կամ քարտով գործառնությունների գործընթացը հաճախորդի համար` անկախ ժամից եւ հեռավորությունից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *116# USSD-հրահանգը եւ հետեւել մենյուի հրահանգներին` առաջարկված ցանկից ընտրելով անհրաժեշտ ծառայությունները:
Ծառայությանը միանալու համար քարտապանը պետք է դիմի իրեն սպասարկող բանկ։