13:32 | 06.06.16 | Նորություններ | 2352

ԵՊՀ-ում ամփոփվել է IBM Ակադեմիական նախաձեռնության դասընթացը

Այսօր Երեւանի պետական համալասարանում կայացել է IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:

Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:

Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ եւ դասախոսներ հայաստանյան 9 բուհերից:

ՁԻՀ-ից հայտնել են, որ 200 ժամ ընդհանուր տեւողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ եւ 60  դասախոսներ ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ հետեւյալ ուղղություններով` 

-    Տեղեկատվական անվտանգություն,
-    Ամպային տեխնոլոգիաներ եւ BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ,
-    Մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում,
-    IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը,
-    Վիճակագրական տվյալների վերլուծություն,
-    Տվյալների վերլուծություն եւ կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով,
-    Ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ,
-    Տեղեկատվական համակարգերի կառավարում,
-    Բիզնես գործընթացների կառավարում եւ ավտոմատացում:

Հիմնադրամում ընդգծել են, որ IBM Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ: