11:27 | 06.06.16 | Նորություններ | 1837

«Ոզնի» մրցույթում հաղթել է 56 աշակերտ

Հունիսի 4-ին հայտնի են դարձել «Ոզնի» համակարգչային մրցույթի հաղթողները:

Մրցույթի աջակից Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից (ՁԻՀ) հայտնել են, որ հաղթող է ճանաչվել եւ պարգեւատրվել 56 աշակերտ: Եվս 6 աշակերտ ստացել է խրախուսական մրցանակ:

Այս տարի «Ոզնի» մրցույթին մասնակցել է 6-10-րդ դասարանների 319 աշակերտ՝ Երեւանի 45  եւ ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաեւ 91 աշակերտ՝ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից:

Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

Ամենամյա մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը եւ Մարիաննա Թովմասյանը:

«Մրցույթը մեծ ոգեւորություն եւ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: «Ոզնի»-ն ակամա  նպաստեց որոշ դպրոցներում համակարգչային սենյակների նպատակային օգտագործմանը, ուսուցիչներին ստիպեց վերանայել իրենց առարկայական գիտելիքների պաշարը»,- նշել է Ռուզան Նիկոյանը:

Մրցույթի գլխավոր աջակիցն է ՁԻՀ-ը՝ իր հիմնադրած Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Աջակիցներն են Մերգելյան կլաստերը, ԻՏՁՄ-ն, գործընկերը՝ «Նաիրի» համընկերությունը:

Կազմակերպիչները նախատեսում են ապագայում «Ոզնի» մրցույթում ընդգրկել նաեւ ԼՂՀ դպրոցներին: