06:45 | 06.06.16 | Նորություններ | 4495

Նուբար Աֆեյանն ընտրվել է MIT-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանն ընտրվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի (MIT) հոգաբարձուների խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով:

Ինստիտուտի կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընտրվել են ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 10 ժամանակավոր եւ 2 ցմահ անդամներ: Ժամանակավոր անդամներն ընտրվել են յուրաքանչյուրը 5 տարի ժամկետով:

Հոգաբարձուների խորհուրդն այս պահին կազմված է 76 անդամից, որոնք իրենց ներդրումն ունեն կրթության, գիտության, ինժեներության եւ այլ ոլորտներում: Դրանցից 25-ը ցմահ անդամներ են: 

Նուբար Աֆեյանը 2000-ից Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մենեջմենթի Sloan դպրոցի ավագ դասախոս է: Նա ավարտել է MIT-ը՝ կենսաքիմիական ինժեներություն մասնագիտացմամբ:

Ամերիկահայ բարերարը նաեւ Flagship Ventures ներդրումային ընկերության հիմնադիրն է ու գլխավոր տնօրենը: Իր 30-ամյա կարիերայի ընթացքում հիմնադրել է ավելի քան 38 ընկերություն եւ ստարտափ:

Նուբար Աֆեյանը «100 կյանք» նախագծի եւ «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիրն է, UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկերը: