07:34 | 11.05.16 | Հոդվածներ | exclusive 11740

Share4Car. Հայկական առաջին օնլայն AutoStop-ը

Share4Car հայկական առաջին օնլայն AutoStop-ը, որն օգնում է գտնել միեւնույն ճանապարհով երթեւեկող մարդկանց, արդեն ունի 2000 օգտագործող:

Հավելվածը հասանելի է Google Play-ում:

Itel.am-ի հետ զրույցում Share4Car-ի PR մենեջեր Լիլիթ Մուրադյանը նշել է, որ նպատակը Հայաստանում երթեւեկության կարգավորումն է, այն ավելի մատչելի դարձնելը: 

Նրա խոսքով՝ համակարգում կարելի է գրանցվել թե որպես ուղեւոր՝ ամրագրելով երթուղիներ, թե որպես սեփական մեքենայով վարորդ՝ հեշտությամբ կիսելով ճանապարհածախսը եւ արդյունքում խնայելով ժամանակ եւ գումար:



«Ցանկացած ուղեւոր Երեւանում, օգտվելով Share4Car-ի երթուղիներից, վճարում է մինիմալ՝ 80 եւ մաքսիմալ՝ 300 դրամ: Երեւանից դուրս Share4Car համակարգը երթուղիները հաշվարկում է 1 կմ/12-15 դրամի չափով: Վճարումը կատարվում է կանխիկ. Share4Car-ին է պատկանում յուրաքանչյուր վճարման 20 տոկոսը»,- բացատրել է Լիլիթ Մուրադյանը:
 
Միաժամանակ, Լիլիթ Մուրադյանը Share4Car-ը չի համարում տաքսի ծառայություն:

«Վարորդները, որոնք միեւնույն է՝ գնում են A կետից B կետ, իրենց հետ տեղափոխում են նույն ճանապարհով գնացող ուղեւորների. արդյունքում վարորդները կրճատում են իրենց ճանապարհածախսը, իսկ ուղեւորները, խնայելով իրենց ժամանակը, երթեւեկում են հաճելի եւ մատչելի պայմաններով»,- ընդգծել է նա:

Share4Car-ը հիմնադրել է Միքայել Գալստյանն այս տարվա փետրվարին: Ներկայում թիմը բաղկացած է 9 հոգուց: Գաղափարի մասին, Լիլիթ Մուրադյանի խոսքով, սկսել են մտածել դեռ 2013թ., երբ Երեւանում անցկացվում էր free car ակցիան:



«Որպես թիրախային լսարան դիտարկում ենք այն մարդկանց, որոնք հոգնել են  անմխիթար վիճակում գտնվող երթուղայիններից, թերի գործող ավտոբուսներից կամ էլ պարզապես չեն ցանկանում տաքսիների վրա գումար վատնել»,- նշել է նա՝ հավելելով, որ նախատեսում են ավելացնել նորանոր գործառույթներ:

Նշենք, որ մարտի 1-ից գործող Share4Car-ն այս պահին ունի 1000-ից ավելի ակտիվ օգտագործող եւ 100-ից ավելի ուղղություն:

Հավելվածի iOS տարբերակը պատրաստ կլինի հուլիսին:

Նարինե Դանեղյան