07:26 | 02.05.16 | Հոդվածներ | exclusive 5980

#ՏեխնոԱպրիլը Հարություն Առաքելյանի հետ

Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա ավարտին ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:

Տեխնոլոգիական ապրիլն ամփոփում ենք Penny ընկերության հիմնադիր Հարություն Առաքելյանի հետ: Penny հավելվածը, որն անձնական ֆինանսական խորհրդատու է եւ օգնում է գումար խնայել, ապրիլին Սիլիկոնյան հովտում մասնակցեց հայկական ստարտափների համար նախատեսված ձեռներեցների աջակցման 10 օրյա HyeTech ծրագրին (HyeTech Entrepreneur Immersion Program), ինչպես նաեւ առաջին քայլերն արեց ամերիկյան շուկայում:

#ՏեխնոԱպրիլը՝ Penny-ում

Ապրիլի 1-9-ը HyeTech խմբի կողմից Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված Ձեռներեցների աջակցման ծրագրին մասնակցությունը շատ կարեւոր էր մեզ համար: Ծրագրի նպատակն էր հայկական ստարտափներին ներկայացնել Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող գործընթացները: Հագեցած օրեր էին՝ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներով լի:

Դասընթացների հիմնական թեմաներն էին ինչպես ստարտափը ճիշտ ներկայացնել ներդրողներին եւ պոտենցիալ հաճախորդներին, ինչպես ճիշտ ֆինանսավորման աղբյուրներ գտնել, հասկանալ, թե ԱՄՆ-ում ինչպես են կարգավորվում ստարտափ ընկերություն հիմնելու եւ գրանցելու հետ կապված օրենսդրական հարցերը եւ այլն:

Ինձ համար հատկապես կարեւոր էր շփումը ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ձեռներեցներ, ներդրողներ եւ տեղի ՏՏ համայնքի հայ ներկայացուցիչներ: Այնտեղ ես միայն հասկանում բաց լինելու կարեւորությունը. դու բաց ես՝ մտքերդ արտահայտելու, գաղափարովդ մյուսների հետ կիսվելու, կարծիք լսելու եւ ամենակարեւորը՝ քո պրոդուկտի ենթադրյալ օգտատիրոջ հետ շփվելու ու նրա խնդիրը հասկանալու համար։ Ամենակարեւորը դա արագ անելն է, ինչպես այնտեղ էր ընդունված՝ «fail fast» - պետք է ձախողվել հնարավորինս արագ։

Հունվարից սկսած Penny-ն ԱՄՆ-ում ալֆա թեստավորման փուլում է: ԱՄՆ-ում թեստավորմանը մասնակցում են հիմնականում ուսանողներ, քանի որ հավելվածի թիրախում հենց այդ տարիքային խումբն է: Մինչ այս պահը հիմնականում դրական կարծիքներ ենք ստացել, ինչը բավական ոգեւորիչ է:



Հավելվածի iOS տարբերակը կգործարկվի հունիսին: 

Այս պահին ավարտում ենք ընկերության գրանցման աշխատանքները, ինչպես նաեւ համագործակցության նպատակով բանակցում ենք մի շարք ամերիկյան բանկերի հետ: Ի դեպ, բանակցութունների արդյունքում երկուսի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Penny-ն իրենց բանկային համակարգի հետ ինտեգրելու նպատակով:

Հունիս ամսվա առաջին կեսին արդեն իսկ կունենանք առաջին պայմանագրերը։ Դրա շնորհիվ օգտատերերի խնայողական հաշիվները կպահվեն այդ բանկերում եւ յուրաքանչյուրն ապահովագրված կլինի Ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից` մինչեւ $250 հազ-ի չափով։ Դա հնարավորություն կտա ապահովել առավելագույն անվտանգություն օգտատերերի համար, որը կմեծացնի վստահությունը հավելվածի նկատմամբ։



Բավական մեծ է հետաքրքրությունը մի շարք ներդրողների կողմից, որոնց հետ պարբերաբար կապի մեջ ենք:

#ՏեխնոԱպրիլը՝ հայկական ՏՏ-ի համար

Նորից պետք է անդրադառնամ HyeTech Showcase-ին, քանի որ այն համարում եմ անցած ամսվա ՏՏ հայ համայնքի խոշորագույն միջոցառումը: Ապրիլի 9-ին Բերքլիի համալսարանում կայացած այդ միջացառումը, որը կազմակերպել էին Ռոջեր Ստրաուչը եւ Ներսես Օհանյանը, իմ կարծիքով՝ կոչված էր համախմբել ՏՏ հայ համայնքին եւ ցույց տալ, որ հայկական ընկերություններն իրենց ասելիքն ունեն համաշխարհային շուկաներում ու այդ ճանապարհին կարեւոր է համախմբել բոլորիս ուժերը։ Իզուր չէր, որ միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 ձեռներեցներ, ներդրողներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
 


Միջոցառման ընթացքում կայացավ HIVE Pitch Competition-ը, որին մասնակցում էր նաեւ Penny-ն: Հաղթող ճանաչվեց Armacad-ը:

#ՏեխնոԱպրիլը՝ աշխարհում

Ապրիլի նշանակալից թոփ երկու իրադարձությունները կապված էին Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկի հետ: Առաջինը Tesla Model 3 ավտոմեքենայի ներկայացումն էր:



Մասկի խոսքով՝ այն լինելու է աշխարհի ամենաապահով  ավտոմեքենաներից մեկը: Այն վաճառքում կհայտնվի 2017թ., իսկ գինը կսկսի $35 հազ-ից:

Երկրորդ ոչ պակաս նշանակալից իրադարձությունը կապված է SpaceX ընկերության հետ: Վերջինիս Falcon 9 հրթիռն առաջին անգամ բարեհաջող վայրէջք կատարեց օվկիանոսում գտնվող դրոնային նավի վրա:



Այս երկու իրադարձություններն էլ շատ կարեւոր նվաճումներ եմ համարում ողջ մարդկության համար: Դրանք ապացուցում են, որ ստարտափ ընկերություններն էլ իրենց հստակ տեսլականով եւ համառությամբ կարող են անել անգամ անհնարինը։ Կոնկրետ Tesla-ին հաջողվեց ձեռնոց նետել ներքին այրման շարժիչներով աշխատող մի ամբողջ ավտոինդուստրիայի եւ հաջողության հասնել (ինչին ես հավատում եմ), իսկ SpaceX-ը կարողացավ դառնալ պատմության մեջ միակ մասնավոր ընկերությունը, որը դեպի տիեզերք թռիչքներ է իրականացնում այնպիսի գերտերություններից հետո, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը:

Նարինե Դանեղյան