14:15 | 04.05.16 | Նորություններ | 2169

Գործարկվել է «.հայ» դոմենային գոտին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր կայացել է «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը:

«Այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր կարեւոր դերն ունենալ՝ բոլորիս միավորելով մեր ազգային արժեքների շուրջը»,- ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանը:

Նախարարությունում ընդգծել են, որ հայատառ համացանցային դոմենային գոտին տարածաշրջանում առաջիններից է՝ ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիների հետ համընթաց։ 

«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994թ., եւ այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որին էլ հենց տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը նշել է, որ «.հայ» դոմենի գործարկման գործընթացը սկսվել է 2012թ.: Նրա խոսքով՝  աշխարհում ազգային լեզուներով դոմենները սկսել են գործածվել 2008-ից:

«Մենք, փաստորեն, 8 տարի ուշացել ենք: Նշեմ, որ սկսողը Չինաստանն էր, հետո Ռուսաստանը, այնպես որ, հայերեն դոմեն չբացելը նշանակում էր ընդհանուր զարգացման ճանապարհից հետ մնալ: Սա գործընթաց է, որն անհրաժեշտ է, առավել եւս, որ ունենք համապատասխան օրենսդրական ակտեր»,- ասել է նա:

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանն էլ նկատել է, որ հայատառ դոմենի գործարկումը խթան կլինի, որպեսզի մարդիկ եւս մեկ անգամ հիշեն հայատառ գրելու մասին եւ օգտվեն այդ հնարավորությունից:

«.հայ» դոմենային գոտում գրանցվելու համար այսօր արդեն կա 150 հայտ, այդ թվում՝ 70-ը՝ գերատեսչություններից: