13:36 | 02.05.16 | Նորություններ | 1306
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում իրականացրել է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:
ՁԻՀ-ում նշել են, որ ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին եւ շարունակվել մինչեւ 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում էին 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ եւ Հովունի գյուղերից։
Հինգ ամիսների ընթացքում նրանք ուսումնասիրել են գրաֆիկական դիզայն` Photoshop եւ Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ իրականացվել է նաեւ սոցիալական ներգրավում եւ մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների եւ այլ հարցերի շուրջ:
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի ավարտին՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում (Մարալիկ, Ազատան) եւ Գյումրի քաղաքում, տեղի է ունեցել վկայականների հանձման արարողությունը: Մարալիկում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները եւս մասնակցել են արարողությանը:
90 երեխաներ եւ երիտասարդներ ստացել են ավարտական վկայականներ:
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն էր ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղը եւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»: