08:23 | 02.05.16 | Նորություններ | 3612

Dasaran-ի աջակցությամբ ՀՀ-ն կմասնակցի Intel ISEF մրցույթին

Մայիսի 9-12-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի կունենա «Ինտել» ընկերության հովանավորությամբ անցկացվող ամենահեղինակավոր դպրոցական մրցույթներից մեկը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։

Մրցույթին Հայաստանի մասնակցության գործնթացը նախաձեռնելու նպատակով Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը եւ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն այսօր կմեկնեն ԱՄՆ:

Մրցույթին Հայաստանի ներգրավումը հնարավորություն կտա հայ աշակերտներին STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում իրենց նորարար նախագծերը ներկայացնելու աշխարհին։ Սա առաջին հերթին կնպաստի Հայաստանում STEM կրթության զարգացմանը՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ։

Dasaran-ի թիմը նաեւ հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 5-8-ը Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անցկացվելիք մրցույթին՝ նահանգային մակարդակով։

Մասնակցության նպատակն է տեղում հանգամանալից ծանոթանալ «Ինտել բնագիտական եւ ճարտարագիտական մրցույթի» անցկացման կանոններին եւ ընթացակարգերին։

«Ինտել» միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն անցկացնել ազգային մակարդակով։ Դրա արդյունքների հիման վրա լավագույնները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին։ 

Դպրոցականների շրջանում ազգային մակարդակով «Ինտել բնագիտական եւ ճարտարագիտական մրցույթն» իրականացվում է տարեկան ավելի քան 75 երկրներում, որին մասնակցում է շուրջ 7 մլն աշակերտ:

Եզրափակիչ փուլին, որը սովորաբար անցկացվում է ԱՄՆ-ում, մասնակցում են լավագույն նախագծեր ներկայացրած շուրջ 1700 դպրոցականներ: Մրցանակային ֆոնդը կազմում է $4 մլն, որը ներառում է մեկ կրթաթոշակ՝ $75 հազ-ի չափով եւ երկուսը՝ $50 հազ-ի չափով։

Հայաստանը, որը երբեք ներկայացված չի եղել «Ինտել բնագիտական եւ ճարտարագիտական մրցույթին», Dasaran-ի նախաձեռնությամբ եւ ակտիվ միջնորդությամբ հնարավորություն կունենա համալրել մրցույթի մասնակից երկրների շարքը:

Այցի ընթացքում նախատեսվում է պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթի անցկացման գործում հմտացած ամերիկյան մասնագետների խմբին հրավիրելու Հայաստան՝ ուսուցիչների, հայաստանյան մրցույթի ժյուրիի անդամների համար թրեյնինգներ անցկացնելու, ինչպես նաեւ նախագծահեն կրթության առավելությունների վերաբերյալ իրենց փորձը ներկայացնելու նպատակով: