07:11 | 29.04.16 | Նորություններ | 1204

«Այբ»-ում կանցկացվի Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը

Ապրիլի 30-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարը, որին կմասնակցի կիսաեզրափակիչ փուլ անցած 9 թիմ Արարատից, Գյումրիից, Մասիսից, Վանաձորից, Վաղարշապատից եւ Երեւանից։

Մրցաշարի նպատակն է ներգրավել աշակերտներին գործնական աշխատանքներում, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների եւ գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքները:

«Մրցույթն աշակերտներին հնարավորություն է տալիս ամբողջ թիմով փնտրելու եւ գտնելու լուծումներ առաջադրանքների միջոցով տրվող այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն, ուսումնասիրելու համաշխարհային փորձը եւ առաջարկելու սեփական լուծումները»,- ասել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը:

Կիսաեզրափակիչ անցած բոլոր 9 թիմերը կստանան մասնակցության հավաստագրեր եւ մրցանակներ, իսկ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը` նաեւ դիպլոմներ:

Այս տարի մրցաշարն ունեցել է ռեկորդային թվով մասնակից՝ 36 թիմ, 172 մասնակից աշակերտ եւ 51 մարզիչ ու ղեկավար: