09:30 | 28.04.16 | Նորություններ | 1336

Բջջային օպերատորների վճարած հարկերն ավելացել են

ՀՀ բջջային երեք օպերատորները 2016թ. 1-ին եռամսյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 6,1 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 5,9 մլրդ դրամի համեմատ:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ բջջային օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է: Ընկերությունն այս եռամսյակ պետբյուջե է վճարել ավելի քան 3,4 մլրդ դրամի հարկ, ինչը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 18%-ով: «Արմենտել»-ը Հայաստանի հինգերորդ ամենախոշոր հարկատուն է (2015թ. 1-ին եռամսյակում 3-րդն էր):

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ»-ն է: Ընկերությունը շուրջ 1,9 մլրդ դրամ հարկերի ծավալով զբաղեցրել է խոշորագույն հարկատուների ցանկի 12-րդ տեղը` բարելավելով իր նախորդ տարվա դիրքը 21 հորիզոնականով:

Նրան հաջորդում է «Օրանժ Արմենիա»-ն (ընկերությունն այս ամսվանից գործում է «Յուքոմ» բրենդի ներքո), որը 782,4 մլն դրամ հարկերի ծավալով զբաղեցրել է 31-րդ տեղը: Ընկերության` պետբյուջե վճարած հարկերը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել են 9,2%-ով: Ընկերությունը դիրքը զիջել է մեկ հորիզոնականով:

Խոշորագույն հարկատուների ցուցակի 51-րդ տեղում է «Յուքոմ» ընկերությունը, որի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 29,7%-ով` կազմելով 530,1 մլն դրամ: Ընկերությունը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքը 15 հորիզոնականով:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսին «Յուքոմ»-ը հաստատել էր «Օրանժ Արմենիա»-ն գնելու մտադրությունը, իսկ սեպտեմբերի 3-ին «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերն օտարվել էին «Յուքոմ»-ին:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել են նաեւ Ռոստելեկոմ ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (135-րդ տեղ, 199,3 մլն դրամ) եւ Armenian Datacom Company (657-րդ տեղ, 33,8 մլն դրամ) ընկերությունները: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 156,5 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 2,8%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ցուցանիշը: