07:18 | 20.04.16 | Հոդվածներ | exclusive 7808

My Day At Home հայկական ստարտափի մշակած լուծումը կհեշտացնի տարեցների առօրյան

My Day At Home հայկական ստարտափի նախագծած պլանշետի հենակը հարմարավետ է դարձնում տարեց մարդկանց առօրյան:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի մարքեթինգի պատասխանատու Լյուսի Ալեքսանյանը պատմել է, որ հենակի գործառույթներից են գունավոր լուսավորումը եւ motion session-ը (երբ մարդիկ մտնում են սենյակ, պլանշետը լուսավորվում է եւ այն հեշտ է գտնել):

«Հենակը նաեւ հնարավորություն է տալիս լիցքավորել պլանշետի եւ զուգահեռ այլ սարքերի մարտկոցները: Հետագայում նախատեսվում է նաեւ Blootooth-ի եւ գազի սենսորի գործառույթների ավելացում: Վերջինս նշանակում է, որ երբ սենյակում մեթան գազի ավելացուկ նկատվի, սարքը ձայնի միջոցով կահազանգի այդ մասին: Հետագայում կավելացվեն նաեւ ներդրված ուժեղացուցիչներ (embedded speakers): Սարքը կներառի նաեւ ամենապարզ հավելվածների հավաքածու (նորություններ, եղանակի տեսություն, օրացույց եւ այլն)»,- նշել է Լյուսի Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իրենց թիրախում հիմնականում տարեց մարդիկ են, որոնք հաճախ շարժվելու դժվարություն են ունենում, շատ մոբիլ չեն կամ խուսափում են օգտվել տեխնոլոգիաներից:

«Ժամանակակից աշխարհում էլեկտրոնային սարքերը արագ զարգացում են ապրում, եւ տարեցները եւս փորձում են դրանք կիրառել: Մենք մշակում ենք լուծումներ, որոնք հարմար կլինեն ծերերի ժամանցի համար: Ներկա փուլում պատրաստ է սարքի նախատիպը»,- նշել է Լյուսի Ալեքսանյանը:

Նախագծի դիզայներ Մարիամ Գալինյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախատիպի ձեւավորման համար բավարար միջոցներ ունեն, սակայն փնտրում են հետագա ֆինանսավորում եւ խորհրդատվություն՝ մասսայական արտադրություն սկսելու նպատակով:

«Քանի որ ծերանոցների ինստիտուտը կայացած է հատկապես ԱՄՆ-ում, ապա հիմնական թիրախն ամերիկյան շուկան է լինելու: Արտադրությունն իրականացնելու ենք Հայաստանում: Նախնական հաշվարկով մեկ սարքը կարժենա մինչեւ $200»,- նշել է Մարիամ Գալինյանը: 

5-հոգանոց թիմը ծրագրում է առաջիկա երեք ամիսներին աշխատել գործընկերներ փնտրելու ուղղությամբ:

My Day At Home-ը անցած տարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրած համաֆինանսավորովող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: Թիմը Startup Cup ստարտափների մրցույթում գրավել է 3-րդ հորիզոնականը:

Նարինե Դանեղյան