06:57 | 01.04.16 | Նորություններ | 2137

Microsoft. ՀՀ ստարտափների մեծ մասն իր բիզնեսը կառուցում է ամպերում

Microsoft ընկերությունը մարտի 31-ին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էր հանդիպում-սեմինար լրագրողների համար՝ ներկայացնելու ամպային լուծումների կիրառման առաձնահատկությունները:

Միջոցառման ընթացքում նշվել է, որ Microsoft կորպորացիայի ամպային ծառայությունները հաջողությամբ կիրառվում են SAP, Oracle, Kasperskij եւ այլ առաջատար արտադրողների կողմից: Microsoft Azure-ում են պահպանվում նաեւ Linux, MySQL, Ruby, MongoDB, Hadoop եւ այլ Open Source ծրագրեր: 

«Ամպային տեխնոլոգիաների կիրառմանն են անցնում ոչ միայն կայացած կազմակերպությունները, այլեւ նորաստեղծ մի շարք ընկերություններ: Հայաստանում  Volo, Lime Tech, GGTaxi, Teamable, Solo Learn, 7Smart, LocalZ եւ շատ ուրիշներ կազմակերպություններ հաջողությամբ կիրառում են Microsoft ամպային տեխնոլոգիաները: Հայաստանում ծնվող նորաստեղծ կազմակերպությունների զգալի հատվածը կառուցում է իր բիզնեսը անմիջապես ամպերում, ինչին Microsoft ընկերությունը մեծապես աջակցում է` տրամադրելով մինչեւ 750 դոլարի համարժեք անվճար ամպային ռեսուրսներ BizSpark ծրագրի շրջանակում։ Վերջին 3 տարիներին շուրջ 40 նորաստեղծ կազմակերպություն ստացել է անվճար ամպային ռեսուրսներ՝ այս ծրագրի շրջանակներում»,- ասել է Microsoft Հայաստան/Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ծրագրավորման տեխնոլոգիաների գծով փորձագետ Լեւոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ամպային տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս բիզնեսին կառուցել ցանկացած բարդության ենթակառուցվածք հաշված րոպեների ընթացքում, հեշտությամբ ավելացնել եւ պակասեցնել հաշվողական ռեսուրսները՝ ըստ ընթացիկ պահանջի, լինել պատրաստ ծանրաբեռնվածությունների սպասելի եւ անսպասելի թռիչքաձեւ աճերին:

Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանն ասել է, որ ամպը ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման նոր մոդել է:

«Ինտերնետի օգնությամբ ամպն օգտագործվում է որպես ծառայություն, որի դիմաց վճարվում է ըստ օգտագործման ծավալի: Տվյալների պահպանման եւ վերլուծման համար անհրաժեշտ ՏՏ լուծումներն ու ռեսուրսները կարելի է պարզապես վարձակալել որպես պատրաստի ծառայություն եւ լրացուցիչ գումար չծախսել այն գնելու, ինտեգրելու եւ այլնի համար», - ասել է նա: 

Volo ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նշել է, որ խելացի ամպերը նոր հնարավորություններ են ստեղծում կազմակերպությունների ծախսերը նկատելիորեն կրճատելու, աշխատանքի արդյունավետությունն ու ապահովությունը բարձրացնելու համար:

Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանն իր հերթին հավելել է, որ ամպային տեխնոլոգիաները անսահման հնարավորություններ են ընձեռնում հայկական բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման համար։ 

«Մինչեւ տարեվերջ կներկայացնենք մի քանի թիրախային ծրագրեր, որոնք կօգնեն հայկական բիզնեսին չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մաս կազմել»,- եզրափակել է նա: