11:27 | 31.03.16 | Նորություններ | 2282
Beeline-ը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ, ամփոփել է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երրորդ փուլի արդյունքները:
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու եւ կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու եւ վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը եւ զբաղվածության խթանմանը։
Երրորդ փուլում ընտրված լավագույն մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես նախագծերը, որոնք մշակվել են նախորդ փուլերի ընթացքում: Ծրագրի հաջորդ փուլում ոլորտի մասնագետների կողմից անհրաժեշտ խորհրդատվության միջոցով ներկայացված ծրագրերը կկատարելագործելուց հետո ՀԳՀՄ եւ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ այս ծրագիրը, որն իրականացվում է «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում, հնարավորություն ընձեռեց բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել գիտելիքներ եւ հմտություններ կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ զարգացման բնագավառում: Տարբեր ոլորտներ ներկայացնող բիզնես նախագծերը, որոնք ներառվել են ծրագրի երրորդ փուլում, կօգնեն երիտասարդ ձեռներեցներին կառուցել իրենց ապագան, իսկ մենք, ՀԳՀՄ հետ համատեղ, կշարունակենք աջակցել նրանց սեփական բիզնեսը զարգացնելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline-ին, որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական ծրագրերով եւ բիզնեսի վարման բնագավառում լավագույն փորձով»,- ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: