ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն
05:52 | 30.03.16 | Նորություններ | 1523
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին այցելել է Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերություն:
Այն հիմնվել է 2011 թվականին եւ զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, որը նաեւ տնօրենների խորհրդի նախագահն է:
ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի եւ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետեւ նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում:
Սերժ Սարգսյանը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ (MIT) եւ այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա այցելել է համաժողովների կենտրոն, որտեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն եւ հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը հատուկ նշել է դոկտոր Նուբար Աֆեյանի անունը:
«Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները փայլուն եւ բարձր մակարդակով անցկացվելու համար: Պարոն Աֆեյան, ուզում եմ Ձեզ եւ Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, եւ այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում», - ասել է ՀՀ նախագահը:
Նուբար Աֆեյանը «100 կյանք» նախագծի եւ «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից է՝ Ռուբեն Վարդանյանի եւ Վարդան Գրեգորյանի հետ: Նախորդ շաբաթ Մեդիամաքսի հետ զրույցում Նուբար Աֆեյանը նշեց, որ 100 նվիրատու հնարավորություն ունի միանալու «Ավրորա» մրցանակին: