05:48 | 29.03.16 | Նորություններ | 1132

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Մեդիապոլիգոն-Երեւան 24» միջոցառմանը

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացել է «Մեդիապոլիգոն-Երեւան 24» միջոցառման հանդիսավոր բացումը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին եւ կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու եւ համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը եւ հեռարձակումն իրականացնելու համար:

«Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը կազմակերպվել է մոսկովյան «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի եւ հայկական «Արմինֆո» լրատվական գործակալության համագործակցությամբ:

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում ուսուցողական, ճանաչողական բնույթ կրող նախաձեռնությունների կազմակերպումը: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» նախագծի դեպքում ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ միմյանց հետ շփվելու, միմյանցից սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Մեդիապոլիգոն-Երեւան 24»-ը ինովացիոն կրթական ծրագիր է, որի նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել լրատվական ոլորտի գործող եւ ապագա մասնագետներին:

Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ լրագրողներին եւ ուսանողներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ եւ ծանոթանալու ճանաչված մասնագետների հետ: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի մի շարք ճանաչված լրագրողներ, հրավիրվելու են Հայաստանի ճանաչված մասնագետներ: Շուրջ մեկ շաբաթ մասնագետները դասընթացներ եւ վարպետության դասեր են անցկացնելու լրատվության, լուսանկարչության եւ տեսանյութերի պատրաստման ոլորտներում: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագրին մասնակցելու են նաեւ երիտասարդ լրագրողներ եւ ուսանողներ՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներից:

«Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը ներառում է նաեւ «Երեւան 24» խորագիրը կրող մի յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի երիտասարդ մասնակիցները ներկայացնելու են Երեւանի կյանքը՝ առավոտից մինչեւ հաջորդ առավոտ: