13:40 | 25.03.16 | Նորություններ | 2035

ԻՏՁՄ. ԲՈՒՀ-երը պետք է զբաղվեն պրակտիկ խնդիրների լուծմամբ

Մինչեւ 2019թ. ինժեներական լաբորատորիաների ստեղծումը հանրապետության բոլոր՝ 1400 դպրոցներում հնարավորություն կտա տարեկան ՏՏ ոլորտի 10-15 հազ. լրացուցիչ աշխատուժ ապահովել:

Այս մասին այսօր հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ միության 16-րդ համագումարի շրջանակում:

«Լաբորատորիաների առկայությունը թույլ կտա բարելավել ՀՀ-ում ինժեներական կրթության մակարդակը, նպաստել նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը եւ Հայաստանը մրցունակ դարձնել տեխնոլոգիական գլոբալ հսկաների կողքին»,- ասել է նա: 

Անդրադառնալով համալսարանների հետ համագործակցությանը՝ Կարեն Վարդանյանն առաջարկել է համալսարանները կապել պրակտիկ խնդիրների լուծման հետ: 

«ԲՈՒՀ-երը պետք է վերափոխվեն եւ դառնան գիտակրթական օջախներ եւ զբաղվեն պրակտիկ խնդիրների լուծմամբ, որպեսզի համալսարաններից դուրս գալուն պես կադրերը համալրեն ընկերությունները: Այսօր մի շարք ՏՏ ընկերություններ իրենց ներսում ունեն կրթական կենտրոններ, որտեղ լուծում են այն բացերը, որոնք առկա են կրթական համակարգում: Ստացվում է երկակի ծախս. մեկ անգամ պետությունն է ծախսում, հետո՝ ընկերությունը: Օրինակ, հնարավոր է բանակի եւ տեխնոլոգիական համալսարանների միաձուլումը, երբ ուսանողն առաջին կուրսից սկսած սկսում է լուծել բանակի խնդիրները»,- նշել է նա:

Համագումարի շրջանակում կայացել է «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդում» շնորհանդեսը, որի շրջանակում ԻՁՏՄ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: