Լիլիթ Մկրտչյանը
07:32 | 25.03.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 32008
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:
Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են:
Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» նոր շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:
Լիլիթ Մկրտչյանն աշխատում է SFL ընկերությունում որպես Front-end developer:
Կիբեռնետիկային փոխարինեց կոդ գրելը
Երբ 2004-ին ես ընդունվում էի համալսարան, չէի մտածում, որ ծրագրավորող կդառնամ: Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆալկուլտետը՝ որպես որակի մասնագետ: Այն ժամանակ կարծում էի, որ կիբեռնետիկան հիանալի եւ հեռանկարային բնագավառ է:
Ծրագրավորմամբ զբաղվել սկսեցի համալսարանն ավարտելուց հետո: Ծանոթներիցս մեկը, որ ՏՏ ընկերություն ուներ, առաջարկեց իրենց մոտ կատարել առաջին քայլերս: Ինձ վրա աշխատելով, քիչ-քիչ առաջ գնացի եւ արդեն երկու տարի է՝ SFL-ում եմ աշխատում:
Տեխնիկական մասնագիտացում ընտրեցի, քանի որ տրամաբանական մտածողությունս ուժեղ է: Լեզուների հետ սեր չունեմ, իսկ մաթեմատիկան շատ եմ սիրում, մայրս էլ մաթեմատիկայի ուսուցչուհի է:
Լիլիթ Մկրտչյանը
Գլոբալ ՏՏ-ում ծրագրավորող կանանց ներգրավվածությունը մոտ 14% է: Իմ կարծիքով` տղաների մոտ տրամաբանական մտածողությունը լավ է զարգացած: Օրինակ, ուսանողական տարիներիս Պոլիտեխնիկում գերակշիռ մասը տղաներ էին:
Եթե այս գործով ես զբաղվում, ստիպված ես դրան շատ ժամանակ տրամադրել, քանի որ ամեն պահի քեզ կարող են ասել, որ մի բան այն չէ, եւ շտկել է պետք:
Ծրագրավորող աղջիկները մյուս աղջիկների համեմատ ավելի ճկուն մտածելակերպ եւ կամքի ուժ ունեն:
Գործը երբեք կիսատ չեմ թողնում
Գործս երբեք կիսատ չեմ թողնում, պետք է պարտադիր մի գործը վերջնացնեմ, հետո անցնեմ մյուսին: Դա երեւի բնավորության գիծ է, նպատակիդ հասնելու ցանկություն: Իդեալիստ եմ, եթե մի բան եմ անում, պետք է իդեալական կերպով անեմ:
Լիլիթ Մկրտչյանը
ՏՏ ոլորտը շատ տարողունակ է, այստեղ աշխատում են տարբեր փրոջեքթ մենեջերներ, դիզայներներ, կադրային եւ ադմինիստրատիվ աշխատակիցներ, որոնց համար կոդ գրելը պարտադիր չէ, սակայն եթե այս ոլորտում ես եւ ունես կոդ գրելու գիտելիքներ, ապա գործդ շատ ավելի է հեշտանում: Այդպես համագործակցությունդ ծրագրավորողների թիմի հետ ավելի հեշտ է դառնում:
Հստակ բրենդային նախասիրություններ չունեմ՝ աշխատում եմ Mac համակարգչով, իսկ որպես բջջային հեռախոս նախընտրել եմ Samsung Galaxy Note 3-ը: Տեխնոլոգիական վերջին նորարարություններից կնախընտրեի օգտագործել iWatch-ը:
Պետք չէ ծրագրավորումն ընտրել «նորաձեւ» երեւալու համար
Ամեն մարդ պետք է անի այն, ինչ իրեն հոգեհարազատ է: Սիրով եմ աշխատանքի գալիս, գործս սիրով եմ անում, դրա համար էլ երեւի լավ է ստացվում: Պետք չէ ընտրել ծրագրավորման ոլորտը միայն նրա համար, որ այն նորաձեւ է:
Այս ոլորտում կամքի ուժը եւ չհանձնվելը շատ կարեւոր է. շատերը մի քանի անգամ փորձում են, ու տեսնելով, որ չի ստացվում, սկսում են հիասթափվել, սակայն իմ օրինակով կարող եմ ասել, որ այդ պահերին չհանձնվելն է այս ոլորտում հաջողության հասնելու գրավականը:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի