14:46 | 08.03.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 31494

Տեխնոլոգիաները եւ կանայք. Ժաննա Բարսեղյան

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:

Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են: 

Itel.am-ը, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, սկսում է նոր շարք, որտեղ ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:

Ժաննա Բարսեղյանը hայկական Yecup ստարտափի համահիմնադիրն է: Yecup-ը թերմո բաժակ է, որը կառավարվում է սմարթֆոնի միջոցով:

Քաղաքագիտությունից տեխնոլոգիաներ՝ մեկ քայլ

Մասնագիտությամբ քաղաքագետ եմ: 2014թ. 6 ամիս շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ինտերնշիփի էի մասնակցում եւ այդ ընթացքում հասցրեցի ուսումնասիրել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը տարավ նրան, որ սկսեցի կապեր հաստատել ոլորտի մարդկանց հետ եւ արդյունքում ինքս էլ հայտնվեցի նրանում:

Ամուսինս՝ Վիգենը, եւս մասնագիտությամբ քաղաքագետ է, սակայն մեծ սեր ունի ծրագրավորման, մասնավորապես՝ hardware-ի նկատմամբ: Yecup-ը միասին ենք հիմնադրել: 



ՏՏ-ում աղջիկներն ավելի հավասարակշռված ու համբերատար են

Երեւի թե միայն Հայաստանում է, որ տեխնոլոգիաների ոլորտում աղջիկներն այսքան քիչ են: Արտասահմանում՝ նույնիսկ մեր հարեւան Վրաստանում, կանայք տեխնոլոգիաներում ավելի շատ են ներգրավված: Կոնկրետ ես այս ոլորտում տղաներին որեւէ առավելություն չեմ տալիս, քանի որ ինքս, իմ փորձը հաշվի առնելով, կարող եմ ասել, որ աղջիկները ՏՏ-ում ավելի հավասարակշռված ու համբերատար են, իսկ դա միայն դրական արդյունքների է հանգեցնում:

Կոդ գրել իմանալը պարտադիր պայման չէ

Կարծում եմ՝ Հայաստանում աստիճանաբար աղջիկ ծրագրավորողների թիվը կաճի: Ես ինքս նման շատ ծանոթներ ունեմ, երիտասարդների շրջանում շատ կան այս ոլորտը սիրող աղջիկներ: Իմ փորձով կարող եմ նաեւ ասել, որ ՏՏ-ով զբաղվելու համար կոդ գրել իմանալը պարտադիր պայման չէ: Ես կոդ գրել չգիտեմ, չնայած որ վերջերս հաճախ էի մտածում, որ չնայած բարդությանը՝ արժե սովորել:

Ինձ համար կարեւոր չէ «ամենավերջին» iPhone-ն ունենալը

Կոնկերտ իմ դեպքում տեխնոլոգիական նորաձեւությանը հետեւելը պարտադիր չէ: Էական չէ՝ կունենա՞մ, թե՞ չեմ ունենա ամենավերջին iPhone-ը կամ iPad-ը: Միաժամանակ՝ կարծում եմ, որ գլոբալ տեխնոլոգիական նորություններին հարկավոր է անընդհատ հետեւել ու փորձել քայլել ժամանակին ընդառաջ: Ի հակադրություն ինձ, ամուսինս՝ Վիգենը, Apple-ի մոլի երկրպագու է, եւ միշտ փորձում է ձեռք բերել եւ փորձարկել Apple-ի արտադրած վերջին պրոդուկտները:



Բացասական կողմերի մասին

Տղաները, օրինակ, կարող են օրերով նստել, ինչ-որ կոդ փորձարկել ու արդյունքում գտնել ճիշտ լուծումը: Բայց կանայք շատ ավելի բծախնդիր են, երբեմն նաեւ անհամբեր, ցանկանում են միանգամից տեսնել արդյունքը: Օրինակ, ես ամեն ինչում որեւէ բացասական դետալ եմ նկատում. նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը ոգեւորված ինչ-որ բան է ցույց տալիս, ես միանգամից փորձում եմ հասկանալ, թե այնուամենայնիվ ինչն այն չէ: Տղաներին դա երբեմն նյարդայնացնում է (Ծիծաղում է- խմբ.):
 
Այս ոլորտի կանայք աչքի են ընկնում համակարգչի մոտ անցկացրած ահռելի ժամանակով: Ես, օրինակ, օրվա գրեթե կեսն այդ գործին եմ՝ անընդհատ կապի մեջ եմ մեր մարկետոլոգների եւ թիմի մյուս անդամների հետ: Ուրիշ բաների համար ժամանակ շատ քիչ է մնում:

Կանայք աշխարհին շատ ինովացիաներ են տվել

Շատ ինովացիաներ հենց կանայք են տվել աշխարհին՝ այդպիսով փոխելով իրերի ընթացքը:

Ինքս հաճախ եմ հետեւում Indiegogo եւ Kickstarter crowdfunding հարթակներում ներկայացվող  գաղափարներին: Շատ հետաքրքիր նախագծեր կան՝ ստեղծված կանանցից բաղկացած խմբերի կողմից: Ի դեպ, այդպիսի նախագծերը սովորաբար շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում եւ լուծում կանանց առօրյայի հարմարավետության հետ կապված բազմատեսակ խնդիրներ:



Շատ ինովացիաներ ուղղված են կանանց կյանքը եւ կենցաղը փոփոխելուն՝ սպասքի լվացման ու լվացքի մեքենայի գյուտից մինչեւ առցանց ուսուցման հնարավորություններ, որոնք նպաստում են ամբողջ աշխարհում կանանց կրթմանն ու զարգացմանը: Սա խոսում է այն մասին, որ աշխարհն այսօր հաշվի է նստոււմ կանանց պահանջների եւ կարիքների հետ:

Այս ոլորտ մուտք գործել ցանկացող աղջիկներին կոչ կանեմ լինել ինքնավստահ եւ համարձակ: Առանց վախենալու իրենց առաջ նպատակներ դնել եւ մոտիվացված լինել՝ հասնելու դրանց իրականացմանը:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի