15:34 | 30.04.15 | Հոդվածներ | exclusive 9948

Սուրճ ու սելֆի՝ միեւնույն բաժակով

Հայկական Yecup ստարտափը թերմո բաժակ է, որը կառավարվում է սմարթֆոնի միջոցով:

Itel.am-ի հետ զրույցում Yecup-ի հիմնադիր, ռուսաստանաբնակ Վիգեն Սանահյանը պատմում է, որ մոբայլ հավելվածի միջոցով հնարավոր է բարձրացնել կամ պահպանել բաժակում առկա հեղուկի ջերմաստիճանը, ինչպես նաեւ բաժակի վրա գտնվող հատուկ կոճակի օգնությամբ սելֆի անել:

Երբ բաժակում առկա հեղուկը (թեյ, սուրճ) տաքանում է, սմարթֆոնը ծանուցում է ստանում այդ մասին:

Վիգեն Սանահյանի խոսքով՝ թերմո բաժակ ստեղծելու գաղափարն առաջացել է ամիսներ առաջ:

«Ուսումնասիրելով շուկայում առկա թերմո բաժակները՝ մտածեցինք, որ կարելի է դրանք փոփոխել, ավելի ժամանակակից եւ նորարար դարձնել: Սանկտ-Պետերբուրգում սկսեցինք որոնել մասնագետների, եւ այս պահին թիմում չորս հոգի ենք»,- ասում է նա:

Այս օրերին Վիգեն Սանահյանը Երեւանում է, եւ հայկական Gallery Technology ընկերության հետ համատեղ աշխատում է բաժակի կատարելագործման ուղղությամբ: 
Ներկայում թերմո բաժակի գործածման համար պատրաստված մոբայլ հավելվածը թեստավորվում է 1000 հոգու շրջանում: Այն մոտ երկու ամսից կհայտնվի AppStore-ում եւ Google Play-ում: Նախատեսվում է նաեւ առանձին հավելված մշակել` Apple Watch-ի համար:



Yecup-ի թիմը շուտով Indiegogo-ում հանրադրամային (քրաուդֆանդինգ) արշավ կսկսի՝ հետագա ֆինանսավորում հայթայթելու նպատակով:  

«Նման բաժակներ դեռ ոչ մի տեղ չեն արտադրում, եւ եթե մասսայական արտադրություն սկսենք, ֆինանսական լուրջ միջոցներ հարկավոր կլինեն: Ի դեպ, այն մարդիկ, որոնք Indiegogo-ում մեր նախագծին կհանգանակեն մեկ բաժակին համարժեք գումար ($175), դրա մասսայական արտադրությունը սկսելուն պես՝ թերմո բաժակ նվեր կստանան»,- նշում է Վիգեն Սանահյանը: 

Yecup-ները տարբեր գույնի են: Նախատեսվում է նաեւ բաժակների տարբեր չափերի արտադրություն:

Թերմո բաժակը լիցքավորվում է USB-ի կամ հատուկ լիցքավորվող սարքի օգնությամբ:
Միաժամանակ՝ բաժակի մարտկոցը կարող է լիցքավորել iPhone-ը:

Վիգեն Սանահյանի խոսքով՝ ստարտափն այս պահին այլ ներդրողներ չի փնտրում, քանի որ նոր բաժնետերերի ներգրավման անհրաժեշտություն դեռ չի տեսնում:

Նարինե Դանեղյան