13:40 | 22.02.16 | Հոդվածներ | exclusive 3684
Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում կայացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից արդեն երկրորդ անգամ իրականացվող Աքսերելացիոն ծրագրի «Դեմո օրը»:
Միջոցառման շրջանակում 10 ստարտափներն իրենց վերջնական արտադրանքն են ներկայացրել ՏՏ ոլորտի ավելի քան 200 ներկայացուցչի, հավանական ներդրողների, ՏՏ ընկերությունների, տարածաշրջանային աքսելերացիայի ծրագրի ներկայացուցիչների եւ ձեռներեցների դատին։
Itel.am-ին ՄԻԿ Հայաստանից հայտնել են, որ ստարտափներից 6-ի պրոդուկտները հետաքրքրել են հավանական ներդրողներին:
«Ծրագրի ընթացքում թիմերը մեծ առաջընթաց են գրանցել։ Սկզբում նրանցից շատերն ունեին ընդամենը «հում» գաղափար, իսկ ավարտին արդեն պատրաստի պրոդուկտ, որը ներգրավել է բազմաթիվ օգտատերերի։ Վառ օրինակներից մեկը սննդի առցանց առաքման համար նախատեսված Cartly հավելվածն է, որը սկզբում ընդամենը լավ գաղափար էր։ Ներկայում այն ներբեռնվել է ավելի քան 500 անգամ եւ ակտիվորեն կիրառում է ամենօրյա գնումները անելիս։ «Դեմո օրվան» ներկա էին բազմաթիվ ներդրողներ, եւ հետաքրքիր է փաստել, որ միջոցառումից անմիջապես հետո արդեն 6 թիմերի հանդեպ ներդրողները ունեին մեծ հետաքրքրվածություն»,- նշել է ՄԻԿ Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Նրա խոսքով՝ «Դեմո օրը» նոր մշակույթ է հայկական ստարտափ էկոհամակարգում:
«Ստարտափ աքսելերացիայի ծրագրի նախորդ շրջաններում ընդգրկված ստարտափերից շատերն այսօր դարձել են կայուն բիզնես ոչ միայն հայկական, այլեւ միջազգային շուկայում` ունենալով հարյուր հազարավոր օգտատերեր եւ ներգրավելով ավելի քան $2 մլն ներդրումներ։ Նրանք ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կիրառելի են ցանկացած երկրում։ Ստարտափներից շատերը փորձում են լուծել գլոբալ խնդիր, այսինքն նրանց թիրախային շուկան ընդգրկում է տասնյակ միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներ», -ասել է նա:
Նշենք, որ միջոցառմանն ընդառաջ Itel.am-ը «Demo Day-ին ընդառաջ» շարքում հաջորդաբար ներկայացրել էր ստարտափների զարգացման պատմությունը: Շարքը հասանելի է կայքի «Հոդվածներ» բաժնում: